ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո է կազմակերպվել

4 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված հայազգի մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին։

«Արմենպրես»-ի Մոսկվայի թղթակցի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո՝ Երևանում գործող Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն։ Ողջունելով ներկաներին՝ նա շեշտել է, որ մեծ կոմպոզիտորին նվիրված երեկոն սպենդիարյանական արվեստի երկրպագուներին ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբել է դեսպանատան լեգենդար տոնական սրահում։ Գաբբեն իր խոսքում անդրադարձել է ժամանակակից աշխարհի մարտահրավերներին և ընդգծել մշակույթի ու արվեստի լեզվով խոսելու կարևորությունը՝ հիշեցնելով Սպենդիարյանի, Խաչատրյանի և այլ երևելիների դերը Հայաստանի ու Ռուսաստանի միջև բազմադարյա միջմշակութային համագործակցության հաստատման գործում:

Դեսպանատան մշակույթի կենտրոնի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ, միջոցառման կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար, ինչպես նաև առանձնահատուկ ջերմությամբ խոսել Երևանում գործող Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի անձնվեր աշխատանքի մասին։

Իր հերթին, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը մասնակիցներին ողջունել է տեսաուղերձով։ Նա նշել է, որ երաժշտական երեկոն ի սկզբանե պլանավորված էր կազմակերպել դեռևս 2021 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կոմպոզիտորի 150-ամյակի տոնակատարությունների շրջանակում, սակայն հնարավորություն է ընձեռվել այն կյանքի կոչել հինգ տարի անց։ Օթարյանը բարձր է գնահատել իր ղեկավարած կոլեկտիվի՝ 1963 թվականից գործող Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանի թիմի ջանքերը՝ կոմպոզիտորի մշակութային ժառանգության հանրայնացման գործում, և կարևորել Մոսկվայում ՀՀ դեսպանատանը «Հանդիպումներ Լազարյան ինստիտուտում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսի կազմակերպումը։

 Միջոցառման ընթացքում հանդիսատեսին է ներկայացվել Մարինե Օթարյանի հեղինակած փաստավավերագրական ցուցադրությունը, որը նվիրված էր Ալ. Սպենդիարյանի ստեղծագործական ուղուն, Մոսկվայի Լազարյան ինստիտուտում ուսանելու շրջանին, ինչպես նաև կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և այլ ականավոր մշակութային գործիչների հետ նրա բարեկամության դրվագներին։

Երեկոյի գեղարվեստական հատվածում հնչել են Ալեքսանդր Սպենդիարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Խաչատրյանի անվան եռյակի (Խաչատրյան տրիո) կատարմամբ։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Խաչատրյան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանի էքսպոզիցիայի և կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ինեսսա Խաչատրյանը։

Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան պատասխանատուները, Ալեքսանդր Սպենդարյանի ժառանգները, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայերեն English Русский

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնել են նվազեցնել միմյանցից ներմուծվող 60 մլրդ դոլարի ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մեծ Բրիտանիայում ամերիկյան օբյեկտների համար մեծ ռիսկի առկայության մասին

Հնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը Ալեքսանդր Սպենդիարյանի 155-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո է կազմակերպվել

Չինաստանից երկու հսկա պանդա է ժամանել Ատլանտայի կենդանաբանական այգի

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգը հեռարձակելու համար

Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին

Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն