Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

2 րոպեի ընթերցում

Արմավիրի քաղաքապետը և նրա տեղակալը՝ առանց համայնքի ավագանու կողմից համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին որոշում կայացնելու, 2006-2009 թվականների ընթացքում Արմավիր քաղաքին սեփականության իրավունքով պատկանող ընդհանուր 9790 քմ մակերեսով տարածքներից 18 հողատարածք օտարել են տարբեր անձանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ 2025 թվականի մարտի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 18 հողատարածքների վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:

«Հայցերից մեկը, որը վերաբերում է Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջին, Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 24-ի վճռով բավարարվել է. անվավեր է ճանաչվել Արմավիր համայնքի կողմից կատարված՝ Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող՝ 50 քմ մակերեսով հողատարածքի աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Արմավիր համայնքի և ֆիզիկական անձի միջև 2009 թվական հոկտեմբերի 1-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Դատախազությունից տեղեկացնում են, որ վիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող` 50 քմ մակերեսով հողամասը:

Հայերեն