Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները
3 րոպեի ընթերցում

Կատարը կտրականապես մերժել է ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն պնդումները, թե Դոհան արշավ է իրականացնում՝ Իսրայելի դեմ հանրային կարծիքի վրա ազդելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ նշել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։
«Մենք կտրականապես մերժում ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքը, որը հնչեցվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում, որ Կատարի Պետությունն արշավ է իրականացնում Իսրայելի դեմ հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով։ Կատարի դեմ շարունակվող այս հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան ուշադրությունը շեղելու փորձ իր կառավարության կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում կատարված վայրագություններից և դրանց ծանր մարդասիրական հետևանքներից», - նշված է գրառման մեջ:
Խոսնակը հավելել է, որ երիտասարդները և ներկայիս սերունդները ականատես են լինում, թե ինչ է տեղի ունենում, և իրենց դիրքորոշումները ձևավորում են փաստերի հիման վրա։
«Եթե Նեթանյահուն և այլ ծայրահեղական իսրայելցի քաղաքական գործիչներ, որոնք ավելի ու ավելի հաճախ են դիմում դատարկ դահլիճների, ցանկանում են, որ աշխարհն Իսրայելին այլ կերպ նայի, ապա նրանք պետք է սկսեն փոխել իրենց քաղաքականությունը, դադարեցնեն միջազգային իրավունքի խախտումները և հարգեն դրանք և պատասխանատվություն կրեն իրենց ընտրած ժողովրդի առջև, այլ ոչ թե փնտրեն մեղավորներ Իսրայելի համաշխարհային կերպարի վատթարացման համար», - նշել է խոսնակը։
Նրա խոսքով՝ Կատարի հասցեին հնչող այս պարբերական հարձակումները կարելի է դիտարկել միայն որպես իրականացվող քաղաքականության և գործելակերպի համար քաղաքական պատասխանատվությունից ուշադրությունը շեղելու փորձ։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել էր, որ Կատարը միլիարդավոր դոլար է ծախսում համալսարաններն ու Al Jazeera մեդիացանցը ֆինանսավորելու նպատակով, ինչը միտված է «երիտասարդների ուղեղները լվանալուն՝ նրանց մեջ Իսրայելի, Ամերիկայի և Արևմուտքի հանդեպ ատելություն սերմանելու համար»։ Նա նաև քննադատել է Կատարին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հյուրընկալելու համար։