Հայաստան

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

2 րոպեի ընթերցում

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

Կենսաբազմազանության ճգնաժամի պատճառների և անհրաժեշտ լուծումների մասին գիտելիքն առկա է․ այժմ անհրաժեշտ է կրճատել այդ գիտելիքի և իրականացվող գործողությունների միջև բացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում հայտարարել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը։

Նա հիշեցրել է, որ կենսաբազմազանության ճգնաժամը տասնամյակներ շարունակ արձանագրվել է, իսկ դրա հետևանքները հայտնի են։

«Մենք գիտենք, թե ինչ է կատարվում բնության հետ։ Մենք գիտենք, թե ինչ է դա նշանակում տնտեսությունների, առողջության և ապագայի համար։ Եվ որ ամենակարևորն է, և դա էլ լավ նորություն է, մենք գիտենք նաև, թե ինչ է անհրաժեշտ անել»,– նշել է Շոմեյքերը։

Նրա խոսքով՝ Երևանում հավաքվելու նպատակը գիտելիքը գործնական գործողությունների վերածելուն նպաստելն է։

Շոմեյքերն անդրադարձել է չորս տարի առաջ ընդունված Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին՝ ընդգծելով, որ այն վերաբերում է ոչ միայն բնության պահպանությանը, այլև դրա ոչնչացմանը հանգեցնող հիմնական գործոնների վերացմանը։

Կոնվենցիայի գործադիր քարտուղարը կարևորել է գլոբալ շրջանակի ներառումը ազգային քաղաքականություններում և բյուջեներում։ Նա անդրադարձել է նաև կառավարություններից բացի համայնքների, կանանց, երիտասարդների և հասարակական կազմակերպությունների մասնակցությանը։

Շոմեյքերը նշել է, որ կենսաբազմազանության պահպանության աշխատանքը զրոյից չի սկսվում, իսկ երևանյան համաժողովն այդ ճանապարհի միջանկյալ հանգրվանն է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում