Վրաստան

Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է

2 րոպեի ընթերցում

Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է

Վրաց-ռուսական սահմանի «Դարյալի» հսկիչ անցակետի աշխատակիցները, ինչպես նաև քաղաքացիները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ Դևդորակի հովտում ազդարարման համակարգերը գրանցել են ջրի մակարդակի բարձրացում գետաբերանի հատվածում։ Դրա հետևանքով «Դարյալի» հսկիչ անցակետում գտնվող քաղաքացիները, պարեկային ոստիկանության, մաքսային ծառայության, սահմանապահ ոստիկանության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները անվտանգ վայր են տարհանվել։

Նաև անվտանգության նկատառումներով սահմանափակվել է ավտոմոբիլների երթևեկությունը երկու ուղղություններով։

Միևնույն ժամանակ, ինչպես Telegram-ալիքում հաղորդել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի վարչությունը, արգելված է բոլոր տեսակների տրանսպորտային միջոցների երթևեկությունը հանրապետության Ռազմավիրական ճանապարհի  հատվածում։

«Ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարինության կապակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2026 . սեպտեմբերի 25-ի ժամը 06:20-ից մինչև հատուկ կարգադրությունն արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում