Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին
7 րոպեի ընթերցում
ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման 77-ամյակը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում նշեց, որ անցած 77 տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ չին ժողովուրդը, համախմբելով ուժերը և հաղթահարելով դժվարությունները, անշեղորեն առաջ է շարժվել։ Չինաստանը աղքատ և հետամնաց երկրից վերածվել է աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության։
«Այսօր Չինաստանը գտնվում է պատմական նոր մեկնակետում և չինական ոճով արդիականացման միջոցով համակողմանիորեն առաջ է մղում հզոր պետության կառուցումն ու չին ազգի մեծ վերածնունդը։ Չինաստանի զարգացումն անհնար է պատկերացնել աշխարհից անջատ, ինչպես և աշխարհի զարգացումը՝ առանց Չինաստանի։ Արդիականացումն առաջ մղելուն զուգահեռ՝ Չինաստանն անշեղորեն հավատարիմ է մնում բացության ընդլայնման ուղեգծին և ակտիվորեն մասնակցում է գլոբալ համագործակցությանը։ Չինաստանը հավատարիմ է խաղաղության, զարգացման, համագործակցության և փոխշահավետության սկզբունքներին, ձգտում է նպաստել մարդկության ընդհանուր ճակատագրի համայնքի կառուցմանը, գլոբալ կառավարման զարգացումն առաջ մղել առավել արդար և ողջամիտ ուղղությամբ և շարունակել նոր ներդրում ունենալ համաշխարհային խաղաղության պահպանման և ընդհանուր զարգացման խթանման գործում»,- ասաց Լի Սինվեյը։
Չինաստանի դեսպանն իր ելույթում հանգամանորեն անդրադարձավ նաև չին-հայկական հարաբերություններին՝ նշելով, որ անցյալ տարի ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարեցին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին, ինչը նոր խթան հաղորդեց բոլոր ոլորտներում կողմերի համագործակցության խորացմանը։
«Հայկական կողմը հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին, իսկ չինական կողմը աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Կողմերի միջև բարձր մակարդակի շփումները գնալով ավելի են սերտանում։ Այս տարի նախագահ Սի Ծինփինը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին մասնակցեց ՇՀԿ Բիշքեկի գագաթնաժողովին։ Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահը, շրջակա միջավայրի նախարարը և պաշտպանության նախարարը հաջորդաբար այց ունեցան Չինաստան։ Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությունն այցելեց Հայաստան։ Չինական կողմը նաև բարձր մակարդակի պատվիրակություն կուղարկի մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) համապատասխան միջոցառումներին»,- նշեց դեսպանը։
Նրա դիտարկմամբ՝ գործնական համագործակցությունը նոր արդյունքներ է գրանցել։ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Այս տարվա առաջին կիսամյակում երկու երկրների միջև երկկողմ առևտրի ծավալը գերազանցել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 22,9%-ով։ Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար նոր տաղավարի կառուցմանն ուղղված աջակցության ծրագիրը հաջողությամբ առաջ է ընթանում։
«Ներկայումս Երևան–Ուրումչի երթուղով չվերթների քանակն ավելացել է՝ հասնելով շաբաթական վեց անգամի, ինչի շնորհիվ երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելություններն էլ ավելի հարմարավետ են դարձել։ Ուրախ ենք տեսնել, որ չին զբոսաշրջիկներն այցելում են Հայաստան՝ բացահայտելու նրա հարուստ պատմամշակութային ժառանգությունը։ Միևնույն ժամանակ, սիրով հրավիրում ենք մեր հայ բարեկամներին ավելի հաճախ այցելել Չինաստան, շրջել երկրով և ավելի մոտիկից ճանաչել այն։ Մենք պատրաստ ենք Հայաստանի կառավարության և խորհրդարանի նոր կազմի, ինչպես նաև հայ հասարակության տարբեր շրջանակների բարեկամների հետ միասին այսուհետ ևս առաջ մղել համագործակցությունը բոլոր ոլորտներում, նոր խթան հաղորդել երկկողմ հարաբերություններին և համատեղ կառուցել առավել գեղեցիկ ապագա»,- ասաց Լի Սինվեյը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ տասնամյակների ընթացքում Չինաստանը զարգացման և պետականության ամրապնդման նշանակալի ճանապարհ է անցել՝ դառնալով համաշխարհային զարգացման օրակարգի կարևոր դերակատար։
«ՉԺՀ-ի հետ հարաբերությունների խորացումն ու առաջխաղացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Չինաստանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն առնչվող հարցերին։ Հայաստանը ևս բազմիցս իր աջակցությունն է հայտնել «Մեկ Չինաստան» սկզբունքին և իր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացումը, տնտեսական և առևտրային կապերի ընդլայնումը, ինչպես նաև Չինաստանի աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Համոզված ենք, որ այն կարող է հաջողությամբ համադրվել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ»,- նշեց Գրիգորյանը։
Նա առանձնահատուկ կերպով կարևորեց վերջերս կնքված ուղևորների և բեռների փոխադրման մասին միջպետական համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար։ ՀՀ փոխվարչապետը կարևորեց նաև Հանրային հեռուստաընկերության տաղավարի կառուցումը, որը Հայաստան-Չինաստան համագործակցության հերթական շոշափելի արդյունքն է։
«Երկու երկրների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունների և կառավարությունների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մեր հարաբերությունները վստահաբար կշարունակեն զարգանալ և ընդլայնվել»,- ասաց Գրիգորյանը։