Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի
5 րոպեի ընթերցում
Թուրքիան շարունակել է առաջ մղել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործը, այդ մասին են վկայում հատուկ ներկայացուցիչները, օդային կապը, պաշտոնական անձնագրերի համար վիզային ռեժիմի դյուրացման ընթացակարգերը, առևտրային փաստաթղթերը, երկաթուղու աշխատանքային խումբը, Վաշինգտոնի աջակցությունը քաղաքական գործընթացին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս կարծիքն առցանց կապի միջոցով «ԱՊՐԻ ֆորում 2026» համաժողովում հայտնեց թուրք վերլուծաբան, Եվրասիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հեյզել Չաղան Էլբիրը։
«Անկարան չէր սպասում կատարյալ վստահության՝ հաղորդակցման ուղիները բացելու համար և վստահություն էր ստեղծում գործելով։ Կարելի է ասել, որ մենք հասել ենք կարևորագույն հանգրվանի։ Հարավային Կովկասն իրականում բացառիկ պահ է որսացել՝ սերունդների համար նշանակալի մի պահ, գուցե տարածաշրջանի երկրների համար ամենակարևոր ժամանակաշրջաններից մեկը։ Ձևավորվում է Հայաստան-Ադրբեջան սահմանը, նախաձեռնվել և ընթացք է տրվել խաղաղության գործընթացին՝ անցում կատարելով նախագծումից դեպի իրականացում, վերականգնվել են էներգակիրների և բեռների փոխադրումները, ինչպես նաև նախատեսվել են թուրքական չվերթներ դեպի Երևան»,- ասաց Էլբիրը։
Նա հավելեց, որ տևական ժամանակ Հայաստանի և Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ էական զարգացում տեղի չի ունեցել, և սա, ըստ էության, հնարավորություն է՝ ապագան որպես հնարավորությունների դարաշրջան դիտարկելու համար։ Վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանի կառավարության ծրագիրը, որը Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ամրագրում է որպես պաշտոնական քաղաքականություն, կուտակված քաղաքական կապիտալ է։
«Ես հավատում եմ, որ մեր երեք երկրների միջև ապագայի և լավ զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով՝ լավ ապագա կլինի մեզ բոլորիս համար։ Հետևաբար, մշտական հարցը այլևս այն չէ, թե արդյոք Թուրքիան արդյունքներ կցուցաբերի, այլ այն, թե արդյոք Հայաստանը կձեռնարկի միջոցներ, որոնք կցուցաբերեն վստահություն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ»,- ասաց թուրք վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ թուրքական կողմը պահպանում է իր հատուկ բանագնացի ներկայությունը տարածաշրջանում, մինչդեռ Հայաստանն այս պահին ակտիվ գործող ներկայացուցիչ չունի (ՀՀ նախկին ներկայացուցիչ, Թուրքիայի հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանն այժմ ԱԺ նախագահն է)։
«Մենք կողմ ենք կարգավորման գործընթացին, ինչի վկայությունն է մեր ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գործունեությունը։ Ի դեպ, նա ամեն առիթով նախկին ներկայացուցչին որպես գործընկեր է հիշատակում։ Թուրքիան չի ձգտում լինել առաջատարը կամ այն միակ երկիրը, որը փորձում է ամրապնդել իր դիրքերն ու ազդեցությունը տարածաշրջանում։ Մեր մոտեցումը հիմնված է հարաբերությունների կարգավորման, բարգավաճման և կայունության ապահովման վրա»,- ասաց Էլբիրը։
Նա պաշտպանում է այն տեսակետը, որ տարածաշրջանից դուրս չպետք է լինեն այլ դերակատարներ։
«Արտաքին դերակատարները չպետք է փորձեն համոզել Թուրքիային մի կողմ դնել գործընկերոջը՝ Ադրբեջանին: Ադրբեջանի դիրքորոշումն անտեսելով՝ թուրք-հայկական սահմանը բացելու պահանջ դնելը վկայում է թե՛ դաշինքային քաղաքականության, թե՛ ներկայիս իրավիճակի սխալ ընկալման մասին»,- եզրափակեց Էլբիրը։
Երևանում սեպտեմբերի 23-ին մեկնարկած «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը կրում է «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագիրը։ Ֆորումին մասնակցում են քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գործարար աշխարհի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Հայաստանից և արտերկրից։
Եռօրյա միջոցառման ընթացքում քննարկվելու են Հայաստանի համար այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը, կապակցվածությունը, տնտեսական անվտանգությունը, թվային ինքնիշխանությունն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։