Մոլդովայի ԱԳՆ-ն դատապարտել է ՌԴ-ի կողմից Մերձդնեստրի տարածաշրջանում Պետդումայի ընտրությունների կազմակերպումը. Moldpres
2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից 2026 թ. սեպտեմբերի 18-20-ը Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրյան շրջանում Պետական դումայի ընտրությունների կազմակերպումն՝ առանց Քիշնևի սահմանադրական իշխանությունների համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres-ը։
Ըստ նախարարության՝ Մոլդովայի Հանրապետության ինքնիշխան տարածքում սահմանադրական իշխանությունների վերահսկողությունից դուրս և առանց նրանց հավանության Ռուսաստանի Դաշնության կողմից ընտրական գործընթացի կազմակերպումը խախտում է Մոլդովայի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին։
Նախարարությունը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս տեղեկացվել է, որ Մերձդնեստրյան տարածաշրջանում ընտրատեղամասեր չեն կարող բացվել առանց Մոլդովայի սահմանադրական իշխանությունների համաձայնության։
Միաժամանակ, ռուսական կողմին տեղեկացվել է, որ Մոլդովայի Հանրապետությունում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են իրացնել իրենց ընտրական իրավունքը սահմանադրական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքում ստեղծված ընտրատեղամասերում՝ ըստ համապատասխան ընթացակարգերի։
ԱԳՆ-ն վերահաստատել է, որ Մերձդնեստրյան շրջանում այլ պետության կողմից ընտրական գործընթացների կազմակերպումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում և ոչ մի կերպ չի կարող ազդել նրա՝ որպես Մոլդովայի Հանրապետության անբաժանելի մասի միջազգային-իրավական կարգավիճակի վրա։
Այս համատեքստում Մոլդովան իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ դիվանագիտական քայլեր և կշարունակի համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Միաժամանակ, նախարարությունը հայտարարել է, որ Քիշնևի իշխանությունները կշարունակեն գործել՝ պաշտպանելու միջազգային իրավական կարգը և ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքները։