Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

5 րոպեի ընթերցում

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 161-րդ թատերաշրջանի մեկնարկը տվեց ամերիկացի նշանավոր դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» հոգեբանական դրամայով։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բեմադրության հեղինակը, զգեստների և երաժշտական ձևավորման պատասխանատուն Տաթևիկ Մելքոնյանն է, իսկ բեմանկարչությանը՝ Միկա Վաթինյանը։ Դերակատարներն են ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, Սոֆյա Սարգսյանը, Հասմիկ Սուվարյանը, Արսեն Սաղաթելյանը, Սարգիս Ղարիբյանը, Արսեն Միքայելյանը և Գարիկ Առաքելյանը։ Դրաման մարդու միայնության, ընտանեկան պատասխանատվության, չիրականացված երազանքների և իրականությունից փախուստի մասին է։

Ներկայացման աջակիցը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն է։ Նախաձեռնության հիմքում ներառականության գաղափարի հանրայնացումն է՝ արվեստի և թատրոնի լեզվով։ Ներկայացումը հնարավորություն է տալիս խոսելու այն մարդկանց մասին, ովքեր իրենց առանձնահատկությունների պատճառով հաճախ դուրս են մնում հասարակական կյանքից։

Ներկայացման առաջնախաղից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ թատրոնը շարունակում էր ստեղծագործական համագործակցության ավանդույթը և իր դռները բաց էր պահում տարբեր արվեստագետների համար։

«Տաթևիկ Մելքոնյանի հետ համագործակցությունը շատ լավ է ստացվում։ Նա մեր թատրոնում բեմադրություն անելու փորձ արդեն ունի։ 2023 թվականին ներկայացրել ենք նրա բեմադրած «Շարքային թռչնակը»։ Այս անգամ հանդիսատեսի դատին կհանձնենք Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց» հոգեբանական դրաման»,- ասաց Հարությունյանը։

«Հայկական Կարիտասի» հետ սա թատրոնի երկրորդ համագործակցությունն էր։ Նախորդ համատեղ աշխատանքը Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» դրամայի բեմադրությունն էր, որի ռեժիսորը Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն էր։

«Հայկական Կարիտաս»-ի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի ղեկավար Սիրանուշ Մինասյանի խոսքով՝ արվեստը հնարավորություն է տալիս հասնել մարդկանց սրտերին, փոխել վերաբերմունքն ու անել այն, ինչը երբեմն ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը չի կարող անել։

«Սա պարզապես գրքային պատմություն չէ։ Ոլորտում աշխատելով՝ մեր շուրջը տեսնում ենք բազմաթիվ նմանատիպ պատմություններ։ Փորձում ենք կոտրել այդ պատնեշները և միասին ստեղծել ավելի բաց ու հասանելի աշխարհ բոլորի համար»,- նշեց Սիրանուշ Մինասյանը։

Բեմադրության հեղինակ և հրավիրված ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանը հույս հայտնեց, որ ներկայացումը կսիրվի հանդիսատեսի կողմից և երկար ժամանակ կմնա թատրոնի խաղացանկում։

Խոսելով թատրոնի առաջիկա ծրագրերի մասին՝ Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ շուտով հանդիսատեսին կներկայացվի նաև ավելի թեթև ժանրի բեմադրություն՝ «Վատ տղաները» կատակերգությունը։

«161-րդ թատերաշրջանը կտարբերվի մյուսներից նրանով, որ թատրոնում մի կարևոր նստատեղ ազատ կլինի։ Ցավոք, սա առաջին թատերաշրջանն է, երբ մեզ հետ չի լինի Նիկոլայ Ծատուրյանը։ Նա վերջին 23-24 տարիներին ամեն ինչ արեց Վարդան Աճեմյանի անվան թատրոնի համար։ Ամենակարևորը՝ երիտասարդներին բերեց թատրոն և բոլորիս ստիպեց սիրել թատրոնն ու նվիրվել նրան։ Ես թե՛ իմ, թե՛ թատրոնի յուրաքանչյուր հաջողություն կապում եմ Նիկոլայ Ծատուրյանի անվան հետ»,-ասաց Հարությունյանը։

Թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը տեղեկացրեց, որ բացի նոր ներկայացումներից, թատրոնը նոր թատերաշրջանը դիմավորեց վերազինված լուսաձայնային համակարգով և կաթսայատնով, ինչպես նաև մասնակի վերանորոգված տանիքով։

Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը 161-րդ թատերաշրջանում հանդիսատեսին կներկայանա նոր բեմադրություններով՝ պահպանելով թատրոնի ստեղծագործական ավանդույթներն ու նոր համագործակցությունների միջոցով ընդլայնելով իր ծրագրերը։

Հայերեն English

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը