1 րոպեի ընթերցում
Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մատենադարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ վերոնշյալ ձեռագիրը բացահայտվել էր Վիեննա Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։
Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում (գրիչ՝ Հովհաննես քահանա)։ Մինչ օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է ընդամենը մեկ անգամ՝ առանց հստակ տեղորոշման։ Այստեղ 1497 թվականին կրկին Հովհաննես գրիչն ընդօրինակել է մի Ավետարան, որը ևս պահվում է Մատենադարանում։
«Մատենադարանին ընծայված այս նոր մատյանը, փաստորեն, ոչ միայն նույն գյուղում միևնույն գրչի ստեղծած՝ մեզ հայտնի ամենավաղ նմուշն է, այլև միակը, որի գլխավոր հիշատակարանում Հովհաննես գրիչը ստույգ տեղորոշում է Ամ գյուղը՝ Բաղեշ գավառում։
Մատենադարանը երախտագիտություն է հայտնում Գաբրիել Չեմպէրճեանին՝ արժեքավոր ընծայաբերման և ձեռագրական ժառանգության համալրման գործում ունեցած ներդրման համար»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։