Ինչն է նպաստում և ինչն է խանգարում ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծմանը. քաղաքագիտական տեսակետ
7 րոպեի ընթերցում
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտության հանգուցալուծմանը կարող է նպաստել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջազգային ներկա գործերի ընթացքը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գարիկ Քեռյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչն է խանգարում և ինչը կարող է նպաստել տարիներ տևող ռուս-ուկրաինական արյուանլի հակամարտության հանգուցալուծմանը։
«Որքան էլ տարօրինակ է, Դոնալդ Թրամփը չհասավ իր նախընտրական խոստմանը, որ իշխանության գալուց հետո 24 ժամվա ընթացքում կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը, և ակնհայտ է, որ դա նրան չի հաջողվում անել արդեն երկու տարի շարունակ։ Գալիք ամսում պետք է տեղի ունենան ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրությունները, ուստի, հանրապետականներին անհրաժեշտ է ցույց տալ որոշակի հաջողություններ Թրամփի նախընտրական խոստումների կատարման ուղղությամբ, ինչն իրականում չկա։ Ամերիկյան կողմը, ներքաղաքական խնդիրներով թելադրված, խիստ շահագրգռված է, որ առաջընթաց լինի վերոհիշյալ պատերազմի հանգուցալուծման առումով»,- ասաց Քեռյանը։
Նրա դիտարկմամբ՝ շահագրգռվածություն կա նաև ռուսական կողմում, որովհետև Անքորիջում նախորդ տարի Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք մեծամասամբ համաձայնեցվել էին 28 կետից բաղկացած փաստաթղթով, զգալիորեն բավարարում էին Ռուսաստանի պահանջները, և ռուսական շահերի տեսանկյունից՝ շատ հարմար էր նման տարբերակով ավարտել հակամարտությունը։
«Սակայն դա տեղի չունեցավ, և պատերազմը երկարաձգվեց ևս 7-8 ամիս, որի ընթացքում ՌԴ-ն նույնպես կրեց զգալի կորուստներ, հարվածներ հասցվեցին նրա նավթարդյունաբերությանը, իսկ ուկրաինական ճակատում լիակատար ճեղքում չարձանագրվեց։ Երկու գերտերություններն այժմ շահագրգռված են, որպեսզի ինչ-որ մի առաջընթաց լինի, քանզի այլ ելք հակամարտության մեջ չկարողացան գտնել։ Շահագրգռվածություն կա նաև ուկրաինական կողմում, որովհետև մոտենում է ցրտաշունչ ձմեռը, իսկ ռուսական ավիահարվածների ընթացքում արդեն երկար ժամանակ թիրախավորվում է Ուկրաինայի էներգահամակարգը։ Գալիք ձմռանն իրավիճակն ուկրաինական կողմի համար կլինի անտանելի, եթե ռուսները շարունակեն հարվածել ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքներին»,- նկատեց քաղաքագետը։
Քեռյանը հավելեց, որ ներկա պայմաններում ստեղծվել է մի իրադրություն, երբ ՌԴ, ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Վոլոդիմիր Զելենսկին համաձայն են առաջընթաց գրանցել հակամարտության հանգուցալուծման գործում կամ գոնե ինչ-որ դիվանագիտական գործընթաց սկսելու մեջ։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի, նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցերը Մոսկվա։ Վերջին երկուսն այցելել են նաև Կիև։ Իսկ թե ինչն է խանգարում հակամարտության հանգուցալուծմանը, Քեռյանն այդ հանգամանքը պայմանավորեց միջազգային բարդ հարաբերություններով։
«Բեռլին-Փարիզ-Լոնդոն առանցքն ի սկզբանե պնդում էր, որ ուկրաինական կողմը շարունակի պատերազմական գործողությունները։ Դեռ 2022 թվականից եվրոպական առաջատար պետությունների դիրքորոշումը կարծրացավ և մինչ օրս չի փոխվել։ Ամեն անգամ, երբ Զելենսկին փորձում է գնալ ինչ-որ փոխզիջումային տարբերակի, ընդհուպ մինչև ռուսական կամ ամերիկյան առաջարկների ընդունման, Փարիզից, Բեռլինից և Լոնդոնից հրահանգում են նման բան չանել և վստահեցնում են, որ կշարունակեն մատակարարել սպառազինություն, որ հաղթանակը մոտ է»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ վճռական պահերին (ներառյալ 2022 թվականի Ստամբուլյան պայմանավործություններն ու դրանից առաջ Նորմանդական քառյակի առաջարկած պայմանները ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ), երբ Զելենսկին հակամարտության դադարեցման գործում ցանկացել է գնալ վճռական քայլերի, նրա ձեռքը բռնել են՝ հորդորելով շարունակել պատերազմը։ Այդ հարցում եվրոպական առաջատար պետությունների հետ համակարծիք է ԵՄ քաղաքական էլիտան՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։
Անդրադառնալով այն հարցին, թե Սպիտակ տունը վերոհիշյալ խնդրում կարո՞ղ է արդյոք որոշակի ազդեցություն ունենալ եվրոպական էլիտայի որոշումների վրա՝ Քեռյանն ընդգծեց, որ ավելի վաղ կարող էր, սակայն նախագահ Թրամփը, նրա բնորոշմամբ, գործեց ճակատագրական սխալ։
«Իր առջև ունենալով ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման խնդիր՝ Դոնալդ Թրամփն այդ գործը թողեց կիստ և Իսրայելի դրդմամբ նետվեց Իրանի դեմ պատերազմի հորձանուտը, այն դեպքում, երբ նույն Բեռլին-Փարիզ-Լոնդոն առանցքը դեմ էր դրան։ Չկար եվրոպական գեթ մեկ երկիր, կամ էլիտա, որ հավանություն տար այդ քայլին։ Հընթացս եղան բազմաթիվ հրապարակային և կուլիսային զգուշացումներ Թրամփին։ Եվրոպայում կանխատեսում էին, որ այդ պատերազմը հանգեցնելու էր էներգետիկ այնպիսի ճգնաժամի, որից ԵՄ երկրները կրելու էին զգալի վնասներ։ Միացյալ Նահանգների ղեկավարն անտեսեց եվրոպացվի գործընկերների կարծիքն ու խրվեց Իրանի հետ պատերազմի մեջ, որտեղ եղան երկկողմ կորուստներ։ Թրամփի համար, ըստ էության, ստեղծվել է անհարմար իրավիճակ, երբ ամերիկյան կողմն արդեն կորցրել է ԵՄ-ի վրա ազդելու շատ լծակներ»,- նշեց Քեռյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ ԱՄՆ նախագահը շարունակում է ավելի շատ հաշվի առնել Իսրայելի վարչապետի կարծիքը, քան եվրոպական գործիչների հավաքական դիրքորոշումը ճգնաժամի հանգուցալուծման գործում։
Ըստ նրա՝ հարաբերությունները փոքր-ինչ մեղմացան «Մեծ յոթնյակի» վերջին հանդիպման ժամանակ, սակայն էական բեկում չարձանագրվեց նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ գտնվող Միացյալ Նահանգների ու ԵՄ առաջատար պետությունների միջև վերոհիշյալ երկու հիմնախնդիրների հարցում։