Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

4 րոպեի ընթերցում

Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի հիմնադրման 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։ Միջոցառմանը ներկա էին  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

1986 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի) հիմնադրված նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը, տասնամյակներ շարունակ դարձել է քաղաքի մշակութային կյանքի այցեքարտերից մեկը։ Կոլեկտիվը, որտեղ ընդգրկված են բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած և հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր երաժիշտներ, տարիներ շարունակ ներկայացրել է հայկական երաժշտարվեստը աշխարհի տարբեր բեմերում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հունաստանում, ՌԴ-ում, Իրաքում և այլուր: Նվագախմբում յուրահատուկ հնչողությամբ ներկայացված են գրեթե բոլոր ազգային նվագարանները՝ քանոն, քամանչա, թառ, ուդ, դհոլ, շվի, դուդուկ և զուռնա։ Իր գործունեության ընթացքում նվագախումբը հանդես է եկել նաև աննախադեպ նախագծերով, ինչպիսին է, օրինակ, հայկական սիրված ֆիլմերի մեղեդիների նորովի՝ ազգային նվագարանային մատուցմամբ համերգային ծրագիրը («Ֆիլմապատում»):

Հոբելյանական երեկոյի ընթացքում հնչել են սիրված ու ճանաչված կատարումներ՝ ինչպես նվագախմբի ու երգչախմբի, այնպես էլ հրավիրված հյուրերի մասնակցությամբ։ Հատուկ նվագախմբի համար գրված նոր ստեղծագործություններով համեմված երեկոն վերածվել է ազգային երաժշտության տոնի։

Համերգի ավարտին նվագախմբի տնօրեն Կարեն Մայիլյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ կոլեկտիվի միակ և գլխավոր նպատակն ազգային նվագարանների հանրահռչակումն է։ «Մենք փորձում ենք նոր քայլերով, նոր փորձարարական ծրագրերով ներգրավվել նոր հանդիսատեսի, որպեսզի կարողանանք մեր հանդիսատեսին երիտասարդացնել և լուծել սերնդափոխության հարցը»,-նշել է Կարեն Մայիլյանը։

Ներկաներին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն իր խոսքում կարևորել է նվագախմբի անցած ճանապարհը: «40 տարին պարզապես տարեդարձ չէ, այլ ստեղծագործական ճանապարհի, նվիրումի և ազգային երաժշտական արժեքների պահպանման ու փոխանցման պատմություն։ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը տասնամյակներ շարունակ իր նշանակալի ներդրումն է ունեցել Շիրակի մշակութային կյանքում՝ պահպանելով ազգային երաժշտական ավանդույթները: Մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, նոր ձեռքբերումներ և երկարամյա գործունեություն՝ ի նպաստ Գյումրու ու Շիրակի մշակութային կյանի»,-ընդգծել է Դավիթ Առուշանյանը։

Հայ ազգային երաժշտական մշակույթի պահպանման, ժողովրդական երգարվեստի հանրահռչակման և սերունդներին փոխանցման գործում ներդրած նշանակալի ավանդի, մեծ վաստակի, Գյումրիի երաժշտական կյանքի զարգացմանն ուղղված բեղմնավոր գործունեության համար Շիրակի մարզպետը պատվոգիր ու շնորհակալագիր է հանձնել նվագախմբի տնօրեն Կարեն Մայիլյանին և գեղարվեստական ղեկավար Ջեմմա Քաղցրիկյանին։

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 16/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 16/09/26

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Ստրասբուրգում կբացվի Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես. BTA

Արարատի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան