1 րոպեի ընթերցում
Թեհրանը կոչ է արել վերսկսել Եմենի շուրջ բանակցությունները՝ նշելով, որ առկա խնդիրները չեն կարող լուծվել շրջափակման միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Եմենում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտարարության մեջ Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է իր աջակցությունն այդ երկրի անկախությանը, ազգային ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ կոչ անելով վերջ դնել Եմենի «ապօրինի և անմարդկային շրջափակմանը»։
Հայտարարության մեջ նշվում է, որ Եմենում տիրող իրավիճակը պետք է դիտարկել ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող զարգացումների համատեքստում, և որ եմենցի ժողովուրդն արժանապատիվ ապրելու իրավունք ունի՝ առանց ճնշումների, ահաբեկման կամ շրջափակման։
Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ միջնորդական ջանքեր գործադրելու երկխոսությունը վերսկսելու և համաձայնեցված ճանապարհային քարտեզի դրույթներն իրականացնելու գործում։
Թեհրանի կոչը հնչել է Եմենում կառավարական զորքերի և հութի ապստամբների միջև բախումների ակտիվացման ֆոնին։