Դպրոցներ տանող 14 ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 98 մլն դրամ

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը 1 մլրդ 98 մլն դրամ կհատկացնի 14 դպրոց տանող ճանապարհների կառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար։ Պատվիրատուները մարզպետարանների աշխատակազմերն են։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ առաջարկվող նախագծով ճանապարհների ընդհանուր երկարությունը 9.8 կմ է։ Դրանցից 9.6 կմ-ը հիմնանորոգվելու է, իսկ 200 մետրը միջին նորոգման է ենթարկվելու։ «Ընդհանուր առմամբ մենք ունենք շուրջ 100 կմ դպրոցներ տանող ճանապարհներ, որոնց թիվը 61 է»,- ասաց Խուդաթյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն դպրոցների ցանկը, որոնց հարակից ճանապարհները նախատեսվում է կառուցել կամ վերանորոգել։ Դրանք են՝ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի Նոր Ամանոսի կրթահամալիր՝ 500 մետր ճանապարհ, Աշտարակ խոշորացված համայնքի Նոր Եդեսիայի Ներսես Շնորհալու անվան միջնակարգ դպրոց՝ 900 մետր, Աշտարակի Սասունիկի միջնակարգ դպրոց՝ 900 մետր, Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Լուսակնի միջնակարգ դպրոց՝ 600 մետր, Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Ջրառատ բնակավայրի միջնակարգ դպրոց՝ 350 մետր,  Վանաձորի թիվ 13 ավագ դպրոց՝ 400 մետր,  Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոց՝ 300 մետր, Տաշիրի Մեդովկայի միջնակարգ դպրոց՝ 500 մետր,  Շիրակի մարզի Ախուրյանի Կապս բնակավայրի միջնակարգ դպրոց՝ 700 մետր, Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Ակներ բնակավայրի կրթահամալիր տանող ճանապարհ՝ 1 կմ 340 մետր, Կապանի Սյունիք բնակավայրի Վարդավանքի հիմնական դպրոցը Սյունիքի կրթահամալիրին միավորող ճանապարհ՝ 220 մետր, Գորիս խոշորացված համայնքի Հարժիսի միջնակարգ դպրոց՝ 400 մետր, Վայոց ձորի Չիվայի միջնակարգ դպրոց՝ 1.8 կմ, Տավուշի մարզի Իջևանի Գանձաքարի միջնակարգ դպրոց՝ 900 մետր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ինչպես խոստացվել էր, նորակառույց և հիմնանորոգված բոլոր դպրոցներ տանող ճանապարհները պետք է բարեկարգվեն։

«Մենք, ինչպես խոստացել էինք, նորակառույց և հիմնանորոգված բոլոր դպրոցներ տանող ճանապարհները պետք է նորոգենք, որպեսզի դպրոց տանող ճանապարհը լինի կարճ ու հեշտ, և նաև տրանսպորտային ծախսեր ենք հոգալու»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր բոլոր ուղղությունների համար ձեռք բերել տրանսպորտային միջոցներ։

«Մեր ընկալումն այն էր, որ բոլոր ուղղությունների համար պետք է ձեռք բերենք տրանսպորտային միջոցներ, բայց քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ նախնական փուլում ծնողներին տրանսպորտային փոխհատուցման ծախսեր տանք»,- հավելեց վարչապետը։

Հայերեն