ՄԱԿ-ում Իրանի դեսպանն իրանական ավիաընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները տնտեսական ահաբեկչություն է որակել
3 րոպեի ընթերցում
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար Ղոլամհոսեյն Դարզին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում հայտարարել է, որ Իրանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործող 27 ավիաընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչության, կոլեկտիվ պատժի և մարդկության դեմ հանցագործության դրսևորում են»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Դարզին նամակն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող նախագահին։
Իրանցի դիվանագետի խոսքով՝ ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցները խոչընդոտում են օդանավերի պահեստամասերի, սարքավորումների, տեխնիկական սպասարկման, վերանորոգման, զննման և այլ ծառայությունների հասանելիությունը, ինչն անհրաժեշտ է քաղաքացիական օդանավերի անվտանգ շահագործման համար։
Նրա պնդմամբ՝ այդ իրավիճակն ուղևորներին և ավիացիայի ոլորտի աշխատակիցներին ենթարկում է ռիսկերի և միաժամանակ սահմանափակում միլիոնավոր քաղաքացիների տեղաշարժը։
Դարզին նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները նաև հակասում են 2018 թվականի հոկտեմբերի 3-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Նրա խոսքով՝ դատարանը հաշվի էր առել ԱՄՆ-ի միջոցների հնարավոր ազդեցությունը քաղաքացիական ավիացիայի անվտանգության և օգտվողների կյանքի վրա և Միացյալ Նահանգներին պարտավորեցրել էր վերացնել Իրան քաղաքացիական ավիացիայի անվտանգության համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ազատ արտահանման խոչընդոտները։
«Իրանի քաղաքացիական բնակչությանը դիտավորյալ և լայնածավալ ծանր զրկանքների ենթարկելու նպատակով տնտեսական և ֆինանսական միջոցների համակարգված կիրառումը՝ քաղաքական ճնշում գործադրելու նպատակով, տնտեսական ահաբեկչության, կոլեկտիվ պատժի և մարդկության դեմ հանցագործության դրսևորում է», - հայտարարել է Իրանի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ նման գործողությունները, Իրանի գնահատմամբ, խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքը և քաղաքացիական բնակչության պաշտպանությանն առնչվող պարտավորությունները։
Իրանի դեսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին կոչ է արել պահանջել ԱՄՆ-ից անհապաղ դադարեցնել «բոլոր միակողմանի հարկադրանքի անօրինական միջոցները», ինչպես նաև Իրանի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները։
Նա նաև կոչ է արել ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին չճանաչել կամ չկիրառել ԱՄՆ-ի միակողմանի հարկադրանքի այն միջոցները, որոնք, Իրանի գնահատմամբ, հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, հատկապես եթե դրանք կարող են լայնածավալ հումանիտար վնաս հասցնել քաղաքացիական բնակչությանը։