Հանրային տրանսպորտին առաջնահերթություն տալը ենթադրում է նոր առանձնացված գծեր և ավտոմեքենաների սահմանափակումներ. Ավինյան
5 րոպեի ընթերցում

Երևանում հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ավելացումը և մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումների կիրառումը բխում են հանրային շահից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քաղաքում տրանսպորտային ծանրաբեռնվածության հիմնարար լուծումը պետք է լինի հանրային տրանսպորտի, հեծանվային գծերի առաջնահերթությունը և երթևեկության կառավարման նոր քաղաքականությունը։
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր փոփոխություն, որ մենք պետք է իրականացնենք, պետք է բխի հանրային շահից։ Հանրային շահից է բխում, որ Երևան քաղաքում ավտոբուսային գծերը ավելանան, որ ավտոբուսները ստանան առանձին գծեր, որոնցով կերթևեկեն մեծ քանակի մարդիկ։ Եվ առհասարակ, մեր ընդհանուր քաղաքականությունը, ինչպես բոլոր զարգացող և զարգացած քաղաքների քաղաքականությունն է, պետք է գնա մարդատար ավտոմեքենաներից դեպի ավելի շատ հանրային տրանսպորտ, հեծանիվներ և նույնիսկ սկուտերներ՝ համապատասխան հստակ կարգավորումներով:
Սա, կարծում եմ, շատ կարևոր փոփոխություն է, որ պետք է լինի, և մենք պետք է խոսենք մարդկանց հետ, բացատրենք այս փոփոխությունների իմաստը, որովհետև Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակի աճի և հարակից մարզերից Երևան մտնող մարդատար ավտոմեքենաների քանակի ավելացման պայմաններում ուղղակի մեր հանրային տրանսպորտի աշխատանքը խաթարվում է»,-ասաց Ավինյանը:
Քաղաքապետը նշեց, որ այսօր քաղաքապետարանը չունի ավտոբուսների քանակի խնդիր. խնդիրն այն է, որ տարբեր ժամերի ավտոբուսները մնում են խցանման մեջ մի քանի պատճառով՝ չունեն առանձնացված ավտոբուսային գծեր, իսկ մարդատար ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է։
Հարցին, թե արդյոք երթևեկության ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար նախատեսվում է մայրաքաղաքը շրջանցող մայրուղիներ կառուցել, քաղաքապետը պատասխանեց․
«Տեսեք, մենք նախորդ տարի կրթության նախարարի հետ որոշում կայացրեցինք, որ դպրոցական ժամերը փոխենք, որպեսզի երեխաները գնան դասի 08:15-ին։ Հիմա մեր քաղաքի դպրոցների գերակշիռ մասում 08:15-ին ենք դասերը սկսում։
Սա բոլորին է պետք։ Դա առաջին հերթին երեխաներին է պետք, որոնց պետք չէ պիկային ժամին սպասեցնել, տարբեր ավտոմեքենաների և հանրային տրանսպորտի մեջ, որպեսզի նրանք հասնեն դասի:
Եվ, կարծում եմ, այսպիսի որոշումները ժամանակավորապես մեղմել են իրավիճակը քաղաքում։ Կարծում եմ՝ սեպտեմբերին մենք չունեցանք այն վախենալու իրավիճակը այս տարի, ինչ նախորդ տարի ունեինք, բայց, այնուամենայնիվ, սա հարցի ֆունդամենտալ լուծում չէ։ Ֆունդամենտալ լուծումներն առանձնացված ավտոբուսային գծերն են, հաշվարկի և փաստերի հիման վրա իրականացված նոր քաղաքականությունն է երթևեկության կառավարման ոլորտում»:
Քաղաքապետն ընդգծեց, որ գնում են գրեթե նույն ճանապարհով, ինչ բոլոր զարգացող և զարգացած քաղաքները։
Նա նշեց նաև, որ այժմ քաղաքում երեք հիմնական հանգույց են կառուցում.
«Կառուցում ենք Շերամի հատվածում՝ Հյուսիս-հարավի միացնող վերջին կտորը, կառուցում ենք Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցը և Նորագավիթի էստակադան։
Այդ հատվածում մենք որոշակի լուծումներ տալիս ենք, բայց նույնիսկ, եթե այս ծրագրերն ավելացնենք, մենք պետք է հասկանանք, որ մարդատար ավտոմեքենաների աճի տենդենցը չի դադարելու, եթե չլինեն սահմանափակումներ»,- ասաց Երևանի քաղաքապետը:
Անդրադառնալով Երևանի կամուրջների վերանորոգման աշխատանքներին՝ քաղաքապետը նշեց, որ առհասարակ նախորդ տարի քաղաքապետարանը սկսել և այս տարի ավարտել է կամուրջների տեխնիկական վիճակի վերաբերյալ ամբողջական տվյալների հավաքագրումը։ Դրանք ներմուծվել են GIS համակարգ, որը հնարավորություն է տվել գնահատել մայրաքաղաքի կամուրջների տեխնիկական վիճակը։
«Բոլոր խնդրահարույց կամուրջները հերթով պետք է նորոգվեն, հիմնանորոգվեն։ Այս փուլում շուտով սկսում ենք Լամբադա կամրջի նորոգումը»,- եզրափակեց Ավինյանը: