Քաղաքականություն

Պետր Պավելը Հարավային Կովկասում կապակցվածության նախագծերում Չեխիայի համար տնտեսական նոր հնարավորություններ է տեսնում

3 րոպեի ընթերցում

Պետր Պավելը Հարավային Կովկասում կապակցվածության նախագծերում Չեխիայի համար տնտեսական նոր հնարավորություններ է տեսնում

Չեխիայի նախագահ Պետր Պավելն անդրադարձել է հարցին, թե ինչպես կարող է Չեխիան մասնակից լինել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը տարածաշրջանային կապակցվածության և տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ է առաջարկում։ 

Չեխիայի նախագահը թեմային անդրադարձել է Պրահայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։ 

Նրա խոսքով՝ տնտեսական և մարդկային կապերը նպաստում են կայունության ամրապնդմանը։ 

«Երբ երկրների, մարդկանց միջև հարաբերություններ ու համագործակցություն կա, նվազում են կոնֆլիկտների հնարավորություններն ու վտանգները։ Կարծում եմ՝ Եվրոպայի և տարածաշրջանային կայունության համար անհրաժեշտ է այդ կապերն ընդլայնել։ Ես իմ կողմից կանեմ ամեն ինչ, որպեսզի Չեխիայի Հանրապետությունը մեծացնի այդ հնարավորություններին իր աջակցությունը»,-նշել է Չեխիայի նախագահը։

Նա ընդգծել է, որ խոսքը միայն «Խաղաղության խաչմերուկ» կամ TRIPP նախագծերի մասին չէ, այլ նաև եվրոպական նախաձեռնությունների մասին է, որոնք կարող են նպաստել տարածաշրջանային կապերի ընդլայնմանը։

«Լավ կլինի, եթե կարողանանք ընդլայնել այդ բոլոր նախաձեռնությունները, որովհետև ակնհայտ է, որ դրանք բերելու են կայունության և զարգացման։ Կարծում եմ՝ Չեխիայի Հանրապետությունը կարող է տարբեր ձևաչափերով մասնակցել այդ նախաձեռնություններին, քանի որ դրանք մեր տնտեսության համար նույնպես կարող են նոր հնարավորություններ ստեղծել»,-ասել է Պավելը։

Նախագահների համատեղ ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ։ Մասնակցում են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։ Ապա քննարկումները շարունակվել են նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին ողջունել է Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան, տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։  ՀՀ նախագահի պատվիրակության կազմում է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում