Արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթությունը պատշաճ կազմակերպվում է. ԿԳՄՍ նախարար
2 րոպեի ընթերցում
Նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս
Հայաստանի դպրոցներում 2025-26 ուսումնական տարում եղել է 424939 աշակերտ. վերջին տարիներին գրանցվել է աշակերտների թվի դրական դինամիկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշեց, որ հանրակրթության ոլորտն ունի համապատասխան կարգավորումներ, որոնց շրջանակներում էլ գործընթացը պատշաճ կազմակերպվում է:
«Այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում մենք ունենք 5427 երեխայի ընդունելություն: Այս գործընթացը նույնպես առաջիկա օրերին կամփոփվի: Մենք նկատում ենք որոշակի ակտիվություն հատկապես Երևանում, նաև որոշակի իրավիճակային որոշումներ ենք կայացրել, որպեսզի երեխաների կրթության իրավունքն ապահովենք:
Եթե տվյալ վարչական շրջանում ռուսերենով ուսուցման հնարավորությունները, լիցենզիոն տեղերը սպառված են, ապա երեխաներին ընդունելության հնարավորություն տալիս ենք, որովհետև այդ իմաստով նաև այլընտրանքները հասանելի չեն, մոտ չեն, որպեսզի դրանք առաջարկվեն։
Կարծում եմ, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում կկարողանանք ավելի հստակ ցուցանիշներով խոսել տենդենցների մասին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ակտիվություն կա, և նախարարությունն ամեն օր բազմաթիվ դիմումներ է ստանում:
Անդրեասյանի խոսքով՝ դիմումները վերաբերում են ոչ միայն դպրոցներին.
«Մեր բազմաթիվ հայրենակիցներ քոլեջներում ու բուհերում կրթությունը շարունակելու հարցով են դիմում, ԿԳՄՍՆ-ն կարողանում է ապահովել նրանց կրթության շարունակականությունը»:
Անդրադառնալով նոր ուսումնական տարում կրթության համակարգում սովորողների թվին՝ նախարարը հայտնեց, որ վերջնական պատկերը կլինի սեպտեմբերի առաջին օրերին, քանի որ կրթական հաստատությունները շարունակելու են մինչև սեպտեմբերի 5-ը դիմումներ ընդունել. խոսքը վերաբերում է հատկապես առաջին և տասներորդ դասարանցիների ընդունելությանը: