Հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել. Լավրով
6 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանում ընդունված օրենքին, ռուսական կոնցեսիոն կառավարման ներքո գտնվող Հայաստանի երկաթուղային ցանցի հետ կապված իրավիճակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ РБК-ին տված հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ո՞րն է Ռուսաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը Հայաստանում նախկին նախագահ Ռոբերտ Քորարյանի և նրա որդու կալանավորման վերաբերյալ, Լավրովը պատասխանել է.
«Այնտեղ հետաքննության տակ է նաև մեկ այլ նախագահ՝ Սերժ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ հետո դարձավ նախագահ։ Մեր արտաքին գործերի նախարարության դիրքորոշումն այն է, որ մենք առաջնորդվում ենք հայ ժողովրդի շահերով։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են հայ ժողովրդի շահերը դարեր շարունակ միահյուսված եղել մեր ժողովրդի շահերին։ Եվ միշտ՝ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, միմյանց հետ համերաշխ։ Ռուսաստանը բազմիցս օգնության է հասել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը ծանր իրավիճակներում։ Իհարկե, հենց այդ շահերը պետք է գերակշռեն։
Բայց այժմ Երևանի ներկայիս ղեկավարության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ խնդիրներով։ Հռչակվել է Եվրամիությանն ուղղված կողմնորոշման նպատակը, ընդունվել է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենք։
Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և որոշել՝ ցանկանում են Եվրամիություն գնա՞լ, թե՞ մնալ Եվրասիական տնտեսական միությունում։ Իմ կարծիքով՝ սա միանգամայն հիմնավորված խնդրանք է։ Մի կազմակերպության նորմերն անհամատեղելի են մյուս կազմակերպության նորմերի հետ։ Այս մասին բազմիցս է ասվել»,- ասել է Լավրովը։
Նա անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հանրաքվեի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ Եվրամիությանը անդամակցելու հայտը ներկայացվի, դրա վերաբերյալ արձագանք լինի, և կազմվի այդ անդամակցության ճանապարհային քարտեզը։
Լավրովը կարծիք է հայտնել, թե դա չի խոսում հայ ընտրողների և հայ ժողովրդի նկատմամբ առանձնապես մեծ վստահության մասին։
«Հենց պետք է ցույց տալ ազնիվ ընտրությունը՝ ինչի միջև ես ընտրություն կատարում․ Եվրամիությանն անդամակցության և այն կյանքի, որով այսօր ապրում եք, երբ վերջին երեք տարիներին ապրանքաշրջանառությունը գերազանցել է 6 միլիարդ դոլարը, իսկ մեկ տարում հասել է նույնիսկ 12 միլիարդ դոլարի, և երկիրը զարգացել է Եվրասիական տնտեսական միության շնորհիվ»,- ասել է Լավրովը։
Հարցին, թե ինչպե՞ս կարելի է խուսափել Հայաստանի հետ հարաբերությունները և կապերը քանդելուց, Լավրովը պնդել է, որ Ռուսաստանի կողմից ամեն ինչ արված է։
«Մեր կողմից ամեն ինչ արված է։ Խոսքն այն բոլոր առավելությունների մասին է, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու շնորհիվ, և այն բոլոր առավելությունների, որոնք նա ստանում է՝ մեզանից էներգակիրներ ձեռք բերելով երեք-չորս անգամ ավելի էժան, քան Եվրամիությունում է։ Մենք ունենք փոխվարչապետների միջև կանոնավոր շփումներ։ Հայկական կողմին հետաքրքրող ցանկացած հարց կարելի է քննարկել, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ կապված իրավիճակը, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարման ներքո է։ Եվ մենք զարմանքով ենք լսում, թե ինչպես են այդ հարցերը, եթե դրանք արդեն առաջացել են, գործընկերոջ հետ քննարկելու փոխարեն անմիջապես դուրս բերվում հանրային դաշտ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս կրկին անդրադարձել էր Հայաստանի երկաթուղային ցանցի՝ ռուսական կոնցեսիոն կառավարմանը՝ շեշտելով, որ այդ պայմաններում Հայաստանը կարող է զրկվել միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրվելու պատմական հնարավորությունից։ Վարչապետը հայտարարել էր՝ դրա համար ռուսական կողմին խնդրում են կոնցեսիոն կառավարման իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի որևէ երրորդ երկրի։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին էր հայտարարություն տարածել՝ Արևմուտքին մեղադրելով ռուսական կառավարման ներքո գտնվող Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հարցում «Հայաստանի ղեկավարությանը շանտաժի ենթարկելու մեջ»։ ՌԴ ԱԳՆ-ն պնդում էր արել, թե Արևմուտքը Հայաստանից պահանջում է վերացնել «ռուսական գործոնը» տրանսպորտային ոլորտում, իսկ դրա դիմաց խոստանում բազմամիլիոն դոլարանոց ներդրումներ և հասանելիություն այնպիսի նախագծերին, որոնց տնտեսական կենսունակությունը հազիվ թե նկատելի է։