Իրավունք

Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը

2 րոպեի ընթերցում

Արարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը

Արարատի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ուսումնասիրել է Արարատի մարզի Արարատ գյուղի զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը 3 տարբեր անձանց կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ գյուղական համայնքի նախկին ղեկավարի կողմից Արարատ գյուղի զբոսայգու՝ Ռ.Վարդանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող՝ 2000 քմ մակերեսով հողամասը 2009 թվականի օգոստոսի 6-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացվել է ֆիզիկական անձին: Իրականացված ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ հողամասը կառուցապատողի կողմից նպատակային նշանակությամբ չի օգտագործվել:

Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ գյուղի և կառուցապատողի միջև 2009 թվականի օգոստոսի 6--ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 26-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ գյուղի Ռ.Վարդանյան փողոցի 23/1 հասցեում գտնվող՝ 2000 քմ մակերեսով, 3 միլիոն 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:

Հիշեցնենք, որ դատախազական ներգործության արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել էին Արարատ գյուղի զբոսայգու տարածքում՝ Հաղթանակի 44/1 և 44/2 հասցեներում գտնվող՝ համապատասխանաբար 14 քմ և 20 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքները:

Այսպիսով՝ դատախազական ներգործության արդյունքում, Արարատ համայնքին է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգու ամբողջ տարածքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում