Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

Միացյալ Նահանգները Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այսօր ես պաշտոնապես չեղյալ հայտարարեցի Սիրիայի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը։ Այս գործողությունը նոր ներուժ է բացում Սիրիայի տնտեսական վերածննդի և առաջընթացի համար», - նշված է գրառման մեջ։

Ռուբիոն հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակում է առաջ մղել ԱՄՆ ազգային անվտանգությունը՝ Մերձավոր Արևելքում խաղաղության, բարգավաճման և անվտանգության հասնելու համար։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան X-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է Սիրիայի ժողովրդին ահաբեկչությանը հովանավորող պետությունների ԱՄՆ ցուցակից երկրի անվան պաշտոնական հեռացման կապակցությամբ՝ որոշումը որակելով «պատմական»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին և «եղբայրներին ու ընկերներին», որոնք կանգնած են եղել Սիրիայի և նրա ժողովրդի կողքին։

Սիրիայի արտաքին  գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին իր հերթին X-ում գրառման մեջ ողջունել է ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ Սիրիայի նախագահի ղեկավարությամբ կշարունակեն ջանքերը՝ հաղթահարելու մեկուսացման ժառանգությունը և խթանելու թափանցիկության, փոխադարձ շահերի և հարգանքի վրա հիմնված միջավայր՝ ի նպաստ Սիրիայի և տարածաշրջանի զարգացման ու կայունության։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում