Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

6 րոպեի ընթերցում

Սևանի ափին մեկնարկել է «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակիչ փուլը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերից ընտրված երիտասարդ երաժշտական խմբերը ներկայացնում են իրենց ստեղծագործական ներուժը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, երկու օր շարունակ Sevan Festival City-ն հյուրընկալում է երիտասարդ երաժիշտների։ Փառատոնի շրջանակում գործում է երկու բեմ, ելույթ են ունենում շուրջ երկու տասնյակ խմբեր, իսկ երաժշտական ծրագրին զուգահեռ անցկացվում են ստեղծագործական և ժամանցային միջոցառումներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ փառատոնի նախապատրաստական փուլը ներառել է Հայաստանի տարբեր մարզերում անցկացված լսումներ։

«Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ էր մի շարք վերլուծություններ անելու, ելակետային տվյալներ հասկանալու և մեր հետագա գործունեության ընթացքում այս ամենը նկատի ունենալու։ Այսօր Sevan Festival City-ի տարածքում են ավելի քան 200 երաժիշտ-կատարողներ, որոնք սրտի թրթիռով սպասում են իրենց ելույթներին։ Շատ ուրախ եմ տեսնել տարածքն այսքան բազմամարդ։ Այստեղ են նաև մեր բենդերի ֆան-ակումբները, և սա շատ լավ առիթ է իրենց սիրելի խմբին տեսնելու պրոֆեսիոնալ միջավայրում։ Այս 20 խմբերից հաղթողը հնարավորություն է ունենալու սեպտեմբերի 21-ի միջոցառումների ծրագրում ընդգրկվելու։ Մնացած խմբերը ամբողջ տարվա ընթացքում լինելու են ԿԳՄՍ նախարարության միջոցառումների բազայում»,-ասաց Վիրաբյանը:

«Վարչաֆեստ»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը 10 միլիոն դրամ է։ Գլխավոր մրցանակը 4 միլիոն դրամ է, առաջին տեղը՝ 3 միլիոն, երկրորդ տեղը՝ 2 միլիոն, երրորդ տեղը՝ 1 միլիոն դրամ։

Վոկալիստ, կոմպոզիտոր, դաշնակահար, «Վարչաբենդ»-ի գեղարվեստական ղեկավար և «Վարչաֆեստ»-ի ծրագրի համահիմնադիր Կարլ Մանուկյանը, խոսելով նախագծի գաղափարի մասին, նշեց, որ այն ձևավորվել է «Վարչաբենդ»-ի ստեղծման ընթացքում։

«Երբ 2025 թվականին ձևավորվեց «Վարչաբենդ»-ը, արդեն որոշում կար, որ մարզերում գործող ինքնագործ խմբերին պետք է հրավիրենք վարչապետի համերգին։ Համերգի օրը մտահղացում առաջացավ, որ մենք պետք է ունենանք մի հարթակ, որտեղ ինքնագործ խմբերը կարողանան արտահայտել իրենց տաղանդը։ Այդպես էլ ծնվեց ծրագիրը։ Այս տարի ժամանակային խնդիր ունեինք․ մեկուկես ամսում նախարարության հետ միասին պետք է իրականացնեինք աշխատանքները։ Չնայած կարճ ժամանակահատվածին՝ սպասելիքներից ավելի եղավ։ Մենք ունեցանք 100 գրանցված խումբ: Ընդհանուր հաղթողը որոշվելու է 50 տոկոսը՝ ժյուրիի մասնագիտական գնահատականն է, 50 տոկոսը՝ հանդիսատեսինը։ Հանդիսատեսը QR կոդի միջոցով կարող է քվեարկել իր ընտրած խմբի օգտին»,-եզրափակեց նա։

Դաշնակահար, կոմպոզիտոր, երաժիշտ, «Վարչաֆեստ»-ի ժյուրիի անդամ և ստեղծագործական կազմի ղեկավար Վահագն Հայրապետյանի խոսքով՝ մասնակիցների ընտրությունն իրականացվել է մի քանի փուլով։

«Սկզբում 100-ից ավելի հայտեր ներկայացվեցին։ Ժյուրիի անդամները առանձին լսեցին բոլոր հայտերը և դրանցից ընտրեցին 50-ը, որից հետո մարզերում սկսեցինք կենդանի լսումները։ Հիմա ընտրվել են վերջին 20-ը, որոնցից այսօր կընտրվեն վերջնական հաղթողները։ Բայց ինձ թվում է՝ մրցույթում հաղթող-պարտվող չկա, այս երաժշտության մեջ նման բան չկա։ Շատ հետաքրքիր խմբեր կային, շատ հետաքրքիր երաժշտություն ու նոր մեկնաբանություններ։ Կային նաև լավ խմբեր, որոնք, ցավոք, չանցան՝ տարբեր պատճառներով, այդ թվում՝ տարիքային անհամատեղելիության պատճառով։ Այս ամենն արվել է երիտասարդ երաժիշտներին, երիտասարդ կատարողներին ու խմբերին խթանելու համար։ Խումբ կա, որ հենց այս «Վարչաֆեստ»-ի համար է ձևավորվել, բայց հուսով եմ՝ կշարունակի իր գործունեությունը»,-ասաց Հայրապետյանը:

Մասնակիցները նույնպես փաստում են, որ «Վարչաֆեստ»-ը հնարավորություն է ոչ միայն մրցելու, այլև լայն հանրությանը ներկայանալու, նոր կապեր ստեղծելու և մասնագիտական կարծիք ստանալու համար։

Սևանի «Գամա» բենդի ներկայացուցիչ Մերի Մկրտչյանի խոսքով՝ խումբը մասնակցության որոշումը կայացրել է հայտարարությունը տեսնելուց հետո։

«Հայտարարությունը տեսանք և երկար չմտածեցինք․ խմբի բոլոր անդամները համաձայնեցին մասնակցել, լրացրեցինք հայտը և սպասեցինք պատասխանին։ Բենդը բաղկացած է հինգ հոգուց, հիմնական ոճը ռոքն է։ Հիմնականում նվագում ենք Գեղարքունիքի մարզից հավաքագրված երգեր, որոնք գրեթե ոչ ոք չի լսել։ Մենք հավաքել ենք այդ երգերը, իսկ «Գամա» բենդը հիմա մշակում է դրանք և նոր շնչով մատուցում հանդիսատեսին։ Իհարկե, մասնակցելով մրցույթի՝ առաջին միտքն այն է, որ հաղթես։ Բայց եթե չհաղթենք էլ, այստեղի մթնոլորտը, նոր ծանոթությունները, մասնագիտական ժյուրիի կարծիքներն ու խորհուրդները մեծ ձեռքբերում են բենդի համար»,-ասաց  մասնակիցը՝ հավելելով, որ խումբն այս պահին ունի երկու պրոֆեսիոնալ ձայնագրված ստեղծագործություն, որոնք կան «Գամա» բենդի YouTube հարթակում։

Հայերեն English

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած