Ադրբեջան

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի

4 րոպեի ընթերցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը հասել է դաշնակցային հարաբերությունների մակարդակի

Ադրբեջանի և Ուզբեկստանի հարաբերությունները վերջին տարիներին հասել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի և ընդգրկում են քաղաքական, տնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային ու հումանիտար ոլորտները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ուզբեկստանի ազգային տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Ալիևը նշել է, որ վերջին հինգ տարվա ընթացքում երկու երկրների միջև բարձր մակարդակով իրականացվել է 15 փոխադարձ այց։

Նրա խոսքով՝ 2024 թվականին Ուզբեկստան կատարած իր պետական այցի և 2025 թվականին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերը, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման մասին հռչակագիրը և դաշնակցային հարաբերությունների մասին պայմանագիրը, ամրապնդել են երկկողմ կապերի իրավաքաղաքական հիմքերը։

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ 2025 թվականին Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան երեք անգամ՝ հասնելով 795 միլիոն դոլարի։ 2026 թվականի հունվար-մայիսին այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33 տոկոսով և կազմել 144 միլիոն դոլար։

Ալիևը նաև նշել է, որ երեք տարի առաջ ստեղծված ադրբեջանա-ուզբեկական ներդրումային ընկերության ընդհանուր կապիտալը կազմում է 500 միլիոն դոլար։ Երկու երկրները համագործակցում են նաև էներգետիկայի, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ոլորտում։

 2025 թվականին Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի համապատասխան կառույցները ստեղծել են «Կանաչ միջանցքի միություն» համատեղ ձեռնարկությունը, որի նպատակներից է Կասպից ծովի հատակով վերականգնվող էներգիայի փոխանցման հնարավորությունների զարգացումը։

Ադրբեջանի նախագահի տվյալներով՝ 2025 թվականին երկու երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների ծավալն աճել է 6,7 տոկոսով՝ հասնելով 1,4 միլիոն տոննայի, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է ևս 12,2 տոկոս աճ։ Ադրբեջանում ներկայում գրանցված է ուզբեկական ներդրումներով ավելի քան 130 առևտրային կազմակերպություն։

Ալիևը կարևորել է նաև Ադրբեջանի և Ուզբեկստանի համագործակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում։

Նրա խոսքով՝ կողմերը հեռանկարային են համարում հատկապես տրանսպորտային և լոգիստիկ համագործակցությունը։

 Ադրբեջանի նախագահը նշել է, որ Չինաստան-Ղրղզստան-Ուզբեկստան երկաթուղային նախագծի ինտեգրումը Միջին միջանցքին և TRIPP-ին կարող է տնտեսական և տարանցիկ նոր հնարավորություններ ստեղծել ամբողջ տարածաշրջանի համար։

Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի՝ Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների խորհրդատվական հանդիպումներին լիիրավ մասնակցությունից հետո նախկին «C5» ձևաչափը փաստացի վերածվել է «C6»-ի։

 Նրա գնահատմամբ՝ այդ ձևաչափը հնարավորություն է տալիս խորացնել տարածաշրջանային համագործակցությունը և իրականացնել համատեղ նախաձեռնություններ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում