3 րոպեի ընթերցում
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ տնտեսական ճնշումն ԱՄՆ-ի ամենաարդյունավետ գործիքն է Իրանի դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է «Քլեյ Թրևիս և Բաք Սեքսթոն շոու»-ի հետ հարցազրույցում։
«Մենք հիմա, կարելի է ասել, նոր փուլում ենք, որտեղ մեր ունեցած ամենաարդյունավետ գործիքը տնտեսական ճնշումն է, որ կարող ենք գործադրել նրանց վրա։ Եվ դա նուրբ հարց է, քանի որ եթե մենք տնտեսական ճնշում գործադրենք նրանց վրա, նրանք կփորձեն տնտեսական ճնշում գործադրել մեզ վրա», - ասել է Վենսը։
Նա միևնույն ժամանակ նշել է, որ վերջին երկու շաբաթը ցույց տվեց, որ Թեհրանը շատ ավելի մեծ ճնշում է զգում, քան ԱՄՆ-ն։
«Մենք կշարունակենք դա անել, քանի որ կարծում եմ՝ դա լավագույն միջոցն է, ի վերջո, հասնելու վերջնական նպատակին», - ասել է Վենսը՝ այդ նպատակն անվանելով այն, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։
Վենսի խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտները ոչնչացվել են, և այժմ ԱՄՆ-ն փորձում է տեղում ստեղծել այնպիսի իրողություն, որ Իրանը երբեք չփորձի վերակառուցել այդ կարողությունները։
«Մենք փորձում ենք ստեղծել փոփոխված իրականություն տեղում, որտեղ մենք կարող ենք ոչ միայն վստահորեն ասել, որ նրանց օբյեկտները ոչնչացվել են, այլև վստահորեն ասել, որ նրանք երբեք չեն փորձի վերականգնել դրանք, և սա այն փուլն է, որում մենք հիմա գտնվում ենք», - ասել է Վենսը։
Նա միևնույն ժամանակ խոստովանել է, որ «նավթի գներն, ակնհայտորեն, բարձրացել են, և մարդիկ դա տեսնում են լցակայաններում»։ ԱՄՆ փոխնախագահը միաժամանակ ընդգծել է, որ վառելիքի գները նաև զգալիորեն նվազել են իրենց բարձր կետից, քանի որ, չնայած առևտրային նավերի ուղղությամբ իրանական հարվածներին, հաջողվել է բավականաչափ նավթ և գազ դուրս բերել Հորմուզի նեղուցով։
Վենսի խոսքով՝ իրանական կողմը փորձում է փակել նեղուցը, և Վաշինգտոնի խնդիրն է ոչ միայն վերականգնել իրավիճակը, այլև ապահովել բավարար նավթի և գազի մատակարարումներ՝ ամերիկացիների համար վառելիքի գները նվազեցնելու համար։
Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն Իրանի դեմ կկիրառի «պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները»՝ կենտրոնանալով տնտեսական միջոցառումների վրա, որոնք, նրա կարծիքով, կնվազեցնեն Թեհրանի դեմ նոր խոշոր ռազմական գործողությունների անհրաժեշտությունը։