ՀՀ ոստիկանությունն առաջիկայում կունենա կիբեռլաբորատորիա
6 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ծառայությունները ձևավորվել են և լիրաժեքորեն գործում են, բայց դա չի նշանակում, որ բարեփոխումների գործընթացն ավարտված է, որովհետև ՆԳ նախարարությունն իրականացնում է շարունակական մշտադիտարկում այդ ծառայությունների արդյունավետության ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանը։
«Կազմակերպաիրավական և կառուցվածքային բարեփոխումների տեսանկյունից ոստկանությունը զարգանում է չորս հենասյունային ուղղություններով։ Անցած տարվա նոյեմբերի 1-ին ձևավորվեց վերջին հենասյունային ծառայությունը՝ ոստիկանության գվարդիան, որը սկսեց գործել ամբողջ ծավալով։ Գվարդիան ձևավորելիս մեծ ուշադրություն ենք դարձրել կառույցը համալրող ծառայողների կրթությանը, որովհետև գվարդիան հիմնականում պատասխանատու է հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման համար։ Հատկապես խոսքը վերաբերում է հավաքների սպասարկմանը։ Աստեղ միշտ ունենում ենք զգայուն հարցեր, որոնք առնչվում են, օրինակ, հարկադրանքի կիրառմանը կամ ուժի գործադրման համաչափությանը»,- ասաց Մկրտչյանը։

Կրթական պրոցեսներից նա առամնձնացրեց ուժային միջոցների գործադրման միասնական ստանդարտի հաստատումը, որովհետև այն հաստատվեց գվարդիայի ձևավորման հետ միաժամանակ։ Մկրտչյանի պնդմամբ՝ դա կարևոր գործելակարգ նախատեսող մեթոդական փաստաթուղթ է, որով առաջնորդվում են ոչ միայն գվարդիայի, այլև ոստիկանության մյուս ծառայողները, ինչը հնարավորություն է տալիս բոլոր իրավիճակներում ապահովել ոստիկանության գործողությունների միատեսակ և ճշգրիտ վարվելակերպ։
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրականացնում են նաև ամենօրյա շրջիկ ծառայություններ, ինչի շնորհիվ հայտնաբերվել են անօրինականության հարյուրավոր դեպքեր, այդ թվում՝ հանրային միջավայրում տեղի ունեցող հանցագործություններ, խուլիգանություններ, թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ։
«Պարեկային ծառայությունը նույնպես շարունակում է զարգանալ և իր արդյունավետությունը ցույց է տալիս ոչ միայն ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում, այլև մեծ դերակատարում ունի հանցագործությունների հայտնաբերման տեսանկյունից, առավել ևս, որ հանցագործությունների բավականին մեծ մասնաբաժինը հայտնաբերվում է հենց պարեկային ծառայողների կողմից։ Պարեկային ծառայության ամենակարևոր գործառույթների մեկն էլ ՃՏՊ-ների կանխարգելումն է։ 2,5 տարի է, ինչ ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազում է, ինչը մեծ ձեռքբերում է։ Ջրային պարեկային ծառայությունն իր հերթին գործում է լիարժեքորեն՝ իր լիազորությունների շրջանակում ապահովելով Սևանա լճի էկոհամակարգի ընդհանուր վիճակն ու կատարելով լուրջ բացահայտումներ»,- հավելեց Մկրտչյանը։
Քրեկական ոստիկանությունը իր հերթին կենտրոնացած է ծանր, առանձնապես ծանր և կազմակերպված հանցագործությունների բացահայտման և դրանց դեմ պայքարի վրա։ Մկրտչյանի կարծիքով՝ թվային տիրույթում քրեական ոստիկանությունը պետք է զարգացնի իր կարողություններն այն տրամաբանությամբ, որ շատ հանցատեսակներ մեծ տեմպերով տեղափոխվում են համացանցային տիրույթ, որը նույնպես պետք է դիտարկել որպես ոստիկանության համար «պարեկություն» անելու տարածք՝ կանխարգելելով ու բացահայտելով հանցագործությունները։
«Ոստիկանությունը պետք է նաև թվային, տեխնոլոգիական գործիքակազմով աշխատի հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ, հետևաբար առաջիկայում կունենանք կիբեռլաբորատորիա։ Դա կլինի այն հանգույցն ու ենթակառուցվածքը, որը մեծ հնարավորություններ կտա համացանցային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարում։ Այդ առումով կարևոր է նաև միջազգային համագործակցությունը։ Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի կարևոր ուղղություններից մեկն էլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն է։ Իրավապահ համակարգը կենտրոնացած է հատկապես խոշոր խմբաքանակների հայտնաբերման վրա, հետևաբար պետք է ուժերը համատեղել թմրամիջոցների ներմուծման շղթան և արտադրությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նա հավելեց, որ համայնքային ոստիկանությունը՝ որպես կարևոր և հենասյունային ծառայություն, համայնքի հետ մշտական շփումների միջոցով տիրապետում է այն ռիսկային և խնդրահարույց իրավիճակներին, որոնք հնարավոր է վերաճեն առավել վտանգավոր արարքների ու դառնան հանցագործություն։
«Այդ դեպքերի վաղ ժամանակաշրջանում կանխարգելման և ճիշտ ուղղորդման արդյունքում պետք է համայնքային ոստիկանության գործունեության շնորհիվ ունենանք հանցավորության համալիր կանխարգելում»,- նշեց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։