Դավիթ Ղազինյանը ներկայացրեց տարածքային կառավարման, տրանսպորտի, ջրային և էներգետիկ ոլորտների իր առաջնահերթությունները
7 րոպեի ընթերցում
Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազինյանն առաջնահերթ է համարում տեղական ինքնակառավարման համակարգի ապակենտրոնացումը, ենթակառուցվածքների ամբողջական կառավարումը, ջրային անվտանգության ամրապնդումը, ընդերքի պատասխանատու օգտագործումը և էներգահամակարգի կայունության ապահովումը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ղազինյանն իր մոտեցումները ներկայացրեց Ազգային ժողովում իր թեկնածության քննարկման ժամանակ։
Նա նշեց, որ հանձնաժողովի գործունեության շրջանակն ընդգրկում է համայնքները, մարզերը, ճանապարհները, տրանսպորտը, էներգետիկան, ջրային պաշարները, ընդերքը, շրջակա միջավայրն ու պետական գույքը։
Ղազինյանի խոսքով՝ 2011 թվականից իրականացված խոշորացման արդյունքում համայնքների թիվը 915-ից նվազել է մինչև 70, սակայն վարչատարածքային փոփոխությունը բովանդակային բարեփոխումների չի հանգեցրել։
«Խոշորացման նպատակը պարզապես համայնքների թվի կրճատումը չէր։ Այն պետք է ստեղծեր կառավարչական ավելի մեծ կարողություններ, ապահովեր մարդկային և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բարձրացներ հանրային ծառայությունների որակը և իրական լիազորություններ ու համապատասխան ֆինանսական միջոցներ ապակենտրոնացներ դեպի համայնքներ»,- ասաց թեկնածուն։
Նա առաջարկեց վերացնել համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում վարչապետի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մեխանիզմը։ Ղազինյանի կարծիքով՝ նման դեպքերում պետք է նոր ընտրություններ անցկացվեն կամ համայնքի ավագանին շարունակի իրականացնել իր լիազորությունները։
Թեկնածուն վերաիմաստավորման անհրաժեշտություն տեսավ նաև մարզպետների և մարզպետարանների դերում։ Նրա պատկերացմամբ՝ մարզպետարանները վարչարարող մարմիններից պետք է վերածվեն տարածքային զարգացման կենտրոնների՝ համադրելով համայնքային, մարզային և պետական ծրագրերն ու նպաստելով ներդրումների ներգրավմանը։
Անդրադառնալով տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ Ղազինյանը հայտարարեց, որ Հայաստանը ճանապարհաշինությունից պետք է անցնի ճանապարհային ենթակառուցվածքների ամբողջական կառավարման մոդելի։
«Ճանապարհը չպետք է ավարտվի շինարարության ընդունման ակտով։ Յուրաքանչյուր ճանապարհ պետք է ունենա իր ամբողջ կենսաշրջանի համար պատասխանատու կառավարում՝ նախագծումից և կառուցումից մինչև մշտական սպասարկում, անվտանգություն, լուսավորություն, բնական ռիսկերի կառավարում և արտակարգ իրավիճակների արձագանքում»,- նշեց նա։
Ղազինյանի խոսքով՝ «Հյուսիս–հարավ» ճանապարհը, երկաթուղային հաղորդակցությունները, սահմանային ենթակառուցվածքներն ու ապագա լոգիստիկ կենտրոնները պետք է դիտարկվեն որպես Հայաստանի միասնական տրանսպորտային ռազմավարության բաղադրիչներ։
Նա հիշեցրեց, որ Հայաստանը 2020 թվականից շարունակում է մնալ Եվրամիության ավիացիոն անվտանգության «սև ցուցակում»։
Թեկնածուն ուշադրություն հրավիրեց նաև միասնական երթուղային համակարգի ներդրման ձգձգման վրա՝ նշելով, որ, բացառությամբ երկու մարզի, կանոնավոր երթուղիների ամբողջական համակարգ դեռևս չկա։
«Ինչպե՞ս ենք ուզում ապահովել աշխարհի հետ փոխկապակցված գլոբալ ծրագրեր, եթե դեռ չենք կարողանում մեր երկրի ներսում բնակավայրերը կապել միմյանց»,- հարցրեց Ղազինյանը։
Նրա գնահատմամբ՝ Երևանի բեռնաթափումը հնարավոր չէ ապահովել միայն ճանապարհային նախագծերով։ Դրա համար անհրաժեշտ է մարզերում ստեղծել տնտեսական ակտիվություն, աշխատատեղեր և ծառայություններ՝ միաժամանակ ապահովելով մայրաքաղաքի հետ արագ ու հարմարավետ տրանսպորտային կապ։
Անդրադառնալով ջրային պաշարներին՝ Ղազինյանը դրանք բնապահպանական և տնտեսական ռեսուրսից բացի համարեց նաև ազգային անվտանգության բաղադրիչ։
«Հայաստանում ձևավորվող ջրային պաշարը պետք է հնարավորինս արդյունավետ կուտակվի, պահպանվի և օգտագործվի Հայաստանի տնտեսության ու քաղաքացիների կարիքների համար»,- ասաց նա՝ կարևորելով նոր ջրամբարների կառուցումը, գործող ենթակառուցվածքների արդիականացումը և խմելու ու ոռոգման համակարգերում կորուստների նվազեցումը։
Ղազինյանը պնդեց, որ հայտարարված 17 ջրամբարների կառուցման ծրագրից մինչև շուրջ մեկ տարի առաջ ավարտված էր միայն մեկը։
Խոսելով ընդերքի կառավարման մասին՝ թեկնածուն նշեց, որ հանքարդյունաբերությունը չպետք է սահմանափակվի հանքանյութի արդյունահանմամբ և խտանյութի արտահանմամբ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդլայնել արժեքային շղթան և հասնել Հայաստանում մետաղների, ապա նաև վերջնական արտադրանքի արտադրությանը։
«Դեռևս 2021 թվականին իշխանությունները խոստացել էին, որ երկիրը պղնձաձուլարան է ունենալու։ Անցել է հինգ տարի, փոխարենն ավելի արագ ենք արդյունահանում մեր ընդերքը՝ վերցնելով նաև ապագա սերունդների մասնաբաժինը»,- հայտարարեց Ղազինյանը։
Նա միաժամանակ ընդգծեց, որ տնտեսական որևէ նպատակ չի կարող արդարացնել բնապահպանական պահանջների թուլացումը։ Թեկնածուի գնահատմամբ՝ հատկապես Երևանում և մի շարք այլ բնակավայրերում օդի աղտոտվածությունն անմիջականորեն ազդում է մարդկանց կյանքի որակի վրա, իսկ անտառների պահպանման և վերականգնման քաղաքականությունը միասնական գույքագրման ու կառավարման կարիք ունի։
Էներգետիկայի ոլորտում Ղազինյանը հայտնեց, որ Հայաստան-Իրան 400 կիլովոլտ էլեկտրահաղորդման գիծը պատրաստ է շուրջ 90 տոկոսով։
«Իմ տեղեկություններով՝ այնտեղ մի քանի հենասյան և 220 կիլովոլտ տրանսֆորմատորի խնդիր կա»,- ասաց նա՝ հավելելով, որ գծերի որոշ հատվածներում գողություններ են կատարվում։
Նա նաև անբավարար գնահատեց Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման տեմպերը և կարևորեց արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի ստեղծումը։ Ղազինյանի խոսքով՝ առանց կուտակիչ կայանների արևային էներգիայի ավելցուկը կարող է խնդիրներ ստեղծել ամբողջ համակարգի կայունության համար։
«Նույնիսկ ատոմակայանի կանգի դեպքում Հայաստանի Հանրապետությունն էներգետիկայի առումով համարվում է ինքնաբավ երկիր։ Այս պարագայում Նախիջևանից էլեկտրաէներգիա ներմուծելու հարցի քննարկումը ճիշտ չեմ համարում»,- նշեց թեկնածուն։
Եզրափակելով ելույթը՝ Ղազինյանը հայտարարեց, որ իր թեկնածության առաջադրումը եղել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության համաձայնեցված որոշումը։ Նա չհորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել, սակայն ընդգծեց, որ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել բոլոր խմբակցությունների հետ՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։