Իրավունք

Ընտանեկան բռնության մասին օրենքի փոփոխությունների քննարկումը հետաձգվեց երկու ամսով

4 րոպեի ընթերցում

Ընտանեկան բռնության մասին օրենքի փոփոխությունների քննարկումը հետաձգվեց երկու ամսով

Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվեց երկու ամսով՝ ստացված առաջարկներն ուսումնասիրելու և նախագծերը լրամշակելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան առաջարկը հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց նախագծի հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։ Փաթեթը ներառում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծն ու հարակից օրենքների փոփոխությունները։

Բաթոյանը նշեց, որ ստացվել են բազմաթիվ առաջարկներ, իսկ փաթեթի ծավալով պայմանավորված՝ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ՝ գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներին պատշաճ անդրադառնալու համար։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը ողջունեց քննարկումը հետաձգելու որոշումը՝ հիշեցնելով, որ օրերս անցկացված աշխատանքային քննարկման ընթացքում ևս առաջարկություններ են ներկայացվել։

«Այդ առաջարկությունների մեծ մասը փոխանցված է ձեզ։ Ես վստահ եմ, որ դուք էլ եք առաջարկություններ ստանում։ Եվ ես կարծում եմ՝ հետաձգելով մինչև երկու ամիս, ինչը օրենքով սահմանված ժամանակահատվածն է, մենք այդ ընթացքում կունենանք նաև աշխատանքային քննարկումներ, հանդիպումներ, որտեղ ներառված կլինեն շահագրգիռ կազմակերպություններ, հանրության տարբեր շերտեր»,- նշեց հանձնաժողովի նախագահը։

Նա հավելեց, որ հետագա քննարկումը նախատեսվում է կազմակերպել փաթեթի լրամշակված տարբերակի շուրջ։

Բաթոյանն ընդգծեց, որ օրենսդրական փոփոխություններին զուգահեռ կարևոր են հանրային իրազեկումը և համագործակցությունը։

«Ես, իհարկե, ներկայացման ժամանակ կփորձեմ հիմնական փոփոխություններին անդրադառնալ։ Բայց չեմ կարծում, որ մենք մեկ փոփոխությամբ կարող ենք բոլոր խնդիրները լուծել, շատ կարևոր է նաև հանրային իրազեկումը, քննարկումները և համագործակցությունը։ Այնպես որ, շնորհակալ եմ քննարկումների համար։ Եվ այո՛, մենք նաև աշխատանքային կարգով ձեզ հետ այդ քննարկումները կունենանք, որպեսզի տեսնենք, թե որ փոփոխությունները կարող ենք այս պահին իրացնել, իսկ որոնք մենք կարող ենք կամ ենթաօրենսդրական ակտերով իրացնել, կամ հետագայում»,- ասաց պատգամավորը։

Նիստի սկզբում Բաթոյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 1-ին նշվող՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրվան՝ կոչ անելով չլռել բռնության մասին և դիմել օգնության։

«Ամոթ չէ խոսել ընտանեկան բռնության մասին։ Ամոթ չէ դիմել օգնության և աջակցության համար։ Ամոթ չէ զանգել Ոստիկանություն և հայտնել բռնության դեպքի մասին։ Ամոթ չէ արձագանքել բռնության դեպքին և օգնել զոհին։ Ամոթ չէ պատմել քո պատմությունը և կիսվել քո սեփական փորձով։ Ամոթ է արդարացնել բռնությունը և մեղադրել զոհին»,- ընդգծեց Բաթոյանը։

Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպություններն ու շահագրգիռ անձինք կարող են դիմել հանձնաժողովին։ Պատգամավորների անհատական և խմբակցությունների առաջարկությունները ևս կքննարկվեն աշխատանքային կարգով և հանձնաժողովի նիստում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում