Հայաստան

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

2 րոպեի ընթերցում

Ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններով քաղաքացիներից պահանջում են տուգանք վճարել

Ոստիկանության պաշտոնական ծանուցման տեսքով քաղաքացիներին ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ, որոնցում պահանջվում է տուգանք վճարել՝ հղման կամ QR կոդի միջոցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին զգուշացնում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։

Հաղորդագրություններում նշվում է, թե քաղաքացին իբր իրավախախտում է կատարել։ Ըստ կիբեռոստիկանության՝ նպատակը քաղաքացիների բանկային տվյալները, գաղտնաբառերը կամ SMS-ով ստացված հաստատման կոդերը ձեռք բերելն ու հետագայում դրամական միջոցներ հափշտակելն է։

«Ոչ մի դեպքում մի՛ վճարեք նշված գումարը և մի՛ սկանավորեք QR կոդը։ Մի՛ անցեք կասկածելի հղմամբ և մի՛ մուտքագրեք բանկային տվյալներ կամ SMS կոդեր։ Եթե արդեն բացել եք հղումը՝ փակեք բրաուզերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Եթե բրաուզերը չի փակվում, խորհուրդ է տրվում Windows-ում օգտագործել Ctrl + Alt + Del ստեղնաշարային համադրությունն ու Task Manager-ը, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc համադրությունը՝ բրաուզերը ստիպողաբար փակելու համար։ Վերագործարկելուց հետո չպետք է վերականգնել նախորդ սեսիայի էջերը։

Բանկային քարտի տվյալները կամ SMS-ով ստացված հաստատման կոդն արդեն մուտքագրած քաղաքացիներին կիբեռոստիկանությունը հորդորում է անմիջապես կապ հաստատել բանկի հետ, արգելափակել քարտը և դիմել իրավապահ մարմիններին։

Գերատեսչությունը հիշեցնում է, որ պաշտոնական մարմնի անունը, տարբերանշանը կամ պետական ոճով պատրաստված էջը հաղորդագրության իսկության երաշխիք չեն։ Անհրաժեշտ է միշտ ստուգել հղման հասցեն և տեղեկությունը ճշտել պաշտոնական աղբյուրից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում