Հայաստան

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Երևանի և մարզերի մի շարք դպրոցների շուրջ երեք տասնյակ ուսուցիչների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին և ի դեմս նրանց՝ շնորհավորել բոլոր ուսուցիչներին Ուսուցչի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել իրենց ամենօրյա անձնվեր գործունեության համար:

Վարչապետի խոսքով, նման հանդիպումները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս անմիջականորեն լսել ոլորտում առկա հարցերի մասին:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նաև անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի ներդրման արդյունքներին, որով հնարավորություն է տրվում բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը և ստանալ հավելավճարներ: Վարչապետն ընդգծել է, որ նախատեսվում է ատեստավորվումը պարբերական դարձնել և դրույքաչափն էլ ավելի բարձրացնել. «Այս որոշումը կապված է ոչ միայն ձեր աշխատանքին մեր գնահատանքն արտահայտելուն, այլ նաև մի շատ կարևոր հարց կա՝ ուսուցչի մասնագիտությունն առավել գրավիչ պետք է լինի երիտասարդների համար: Կարծում եմ, որ ատեստավորման այս համակարգը պետք է պարբերական լինի»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին շնորհավորել է Ուսուցչի օրվա առթիվ, շնորհակալություն հայտնել բազմաթիվ երեխաների զարգացմանն ուղղված աշխատանքի համար: Իր խոսքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Կառավարության նոր ծրագրում կարևոր օրենսդրական նախաձեռնությանը՝ ուսուցչի կարգավիճակի մասին օրենքին, որում առանձնահատուկ ընդգծված է բնակարանային աջակցության բաղադրիչը: Դա, ըստ նախարարի, կլինի հավելյալ գործիք, որով թե՛ այսօրվա ուսուցիչները կկարողանան ավելի պաշտպանված իրենց զգալ և թե՛ այս մասնագիտությունն ընտրող երիտասարդները։

Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավմանը և կրթության պատշաճ միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր:

Ուսուցիչները շնորհակալություն են հայտնել վերջին տարիներին Կառավարության կողմից ներդրված տարբեր ծրագրերի և կրթության ոլորտում շարունակական բարեփոխումների համար:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում