Հայաստան

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

2 րոպեի ընթերցում

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 1-ին Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Ցուցուլյանը նիստի մասնակիցներին է փոխանցել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ողջույնները և ներկայացրել ՆԳՆ-ում, մասնավորապես՝ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարում առկա մարտահրավերները։ Նա հատկապես անդրադարձել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կիբեռհանցավորության դեմ պայքարին։

Ոստիկանության պետը կարևորել է օպերատիվ ու վերլուծական տեղեկատվության փոխանակումը և ԱՊՀ մասնակից պետությունների ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարների շարունակական հանդիպումները՝ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։

Նիստի օրակարգում ընդգրկված են եղել անօրինական միգրացիայի, անդրազգային հանցավորության ու կիբեռհանցավորության դեմ պայքարի, անձանց միջպետական հետախուզման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության նպատակով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը հակազդելու հարցեր։ Քննարկվել է նաև տրանսպորտային միջոցների գրանցման ու գրանցումից հանման, վարորդական իրավունքի տրամադրման վերաբերյալ տեղեկությունների էլեկտրոնային փոխանակումը։

Խորհրդի նիստից առաջ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Օրակարգային հարցերով ընդունվել են համապատասխան որոշումներ։ Խորհրդի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2027 թվականին՝ Ուզբեկստանում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում