Հայաստան

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

3 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հայտնել է ծրագրված սպանության կանխման մասին․ ձերբակալվել է չորս անձ

Քրեական ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է Երևանի 33-ամյա բնակչի ծրագրած սպանության կատարումը, քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է չորս անձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության՝ Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ հունվարի 21-ին Ծաղկաձորում Երևանի 33-ամյա բնակիչը, ընդգծելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հանգամանքը, ևս երկու անձի հետ ծեծի է ենթարկել Երևանի 36-ամյա բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

«Պարզվել է, որ դեպքից հետո 36-ամյա տղամարդը, չհանդուրժելով կատարվածը, նախապատրաստել է Երևանի 33-ամյա բնակչի սպանությունը և այդ նպատակով ապօրինի ձեռք է բերել հրազեն։ Իր հերթին նշված անձը, տեղեկանալով նրա մտադրության մասին, նույնպես ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի հրազեն՝ հարմար առիթի դեպքում նախահարձակ լինելու և նրան կյանքից զրկելու նպատակով։ Կոնֆլիկտը շարունակվել է նաև օգոստոսին։ 36-ամյա տղամարդը դեռևս չպարզված անձանց հետ Երևանի 33-ամյա բնակչի բնակության վայրի մոտակայքում նկատել է նրան և ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ։ Տեղի է ունեցել փոխադարձ հրաձգություն»,- նշված է հաղորդագրությունում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հատկանիշներով։

Ոստիկանության փոխանցմամբ՝ վարույթի շրջանակում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 33-ամյա տղամարդը ծրագրել է սպանել 36-ամյա բնակչին։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումներով հանցագործության կատարումը կանխվել է։

Հոկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ խուզարկություններ են կատարվել 33-ամյա տղամարդու, նրա հոր և ընկերոջ բնակության վայրերում։ 33-ամյա տղամարդու բնակարանից հայտնաբերվել են 49 տարբեր տեսակի դեղահաբեր և մեթադոնային լուծույթով երեք սրվակ։

Ձերբակալվել են 33-ամյա տղամարդը, նրա 54-ամյա հայրը, 35-ամյա ընկերը և Երևանի 36-ամյա բնակիչը։ Հանգամանքները պարզվում են։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում