Իրան

Իրանի խորհրդարանը քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանը քննարկում է Հորմուզի նեղուցով անցման ծրագիրը

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգության և զարգացման ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի հիմնական կետերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Խորհրդարանի խորհուրդների և ներքին գործերի հանձնաժողովի խոսնակ Վալիոլլահ Բայաթին Tasnim-ին հայտնել է, որ հանձնաժողովը քննարկել է «Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցում անվտանգության և զարգացման ապահովման ռազմավարական գործողությունների ծրագիրը» և հաստատել դրա ընդհանուր սկզբունքները։

Նաև հաստատվել է ծրագրի 14 հոդվածից 7-ը, որոնցից մեկը վերաբերում է Հորմուզի նեղուցով ԱՄՆ-ի, Իսրայելի և թշնամական երկրների հետ կապված «օբյեկտների և սարքավորումների անցմանը, ինչն արգելվել է»։

Բայաթին նշել է, որ ծրագրի մնացած դրույթները կքննարկվեն և կհաստատվեն հանձնաժողովի՝ հաջորդ շաբաթ կայանալիք նիստերում։

Իրանը և ԱՄՆ-ն իրարամերժ հայտարարություններ են արել Հորմուզի նեղուցի հետ կապված։ Օգոստոսի 13-ին Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Հորմուզը գտնվում է երկրի լիակատար վերահսկողության տակ, և նավերը չեն կարող անվտանգ անցնել դրանով՝ առանց իրանական զինված ուժերի թույլտվության ու վերահսկողության։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 12-ին հայտարարել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ամերիկյան լիակատար վերահսկողության մասին՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը մտադիր է պահպանել այդ վերահսկողությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում