ԱՄԷ ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

2 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը հղել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում»,- նշել է ԱՄԷ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։

Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ 

Հայերեն English Français Русский