Ինչ հեռանկարներ ունի Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը. մեկնաբանում է փորձագետը
9 րոպեի ընթերցում
«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ շահագրգիռ պետությունները որոշում կայացնելուց առաջ կհետևեն գործընթացներին և եթե տեսնեն, որ Պակիստան-Թուրքիա-Սաուդյան Արաբիա դաշինքը միայն քաղաքական է ու վտանգների և հարձակումների դեպքում լիարժեքորեն չի գործում, ապա դժվար թե անդամագրվեն այդ դաշինքին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Բենիամին Պողոսյանն անդրադարձավ Մեքքայում Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրմանն ու այդ դաշինքի ապագա դերակատարությանը Մերձավոր Արևելքում։
Նրա խոսքով՝ իհարկե հասկանալի է, որ պայմանագիրը ստորագրվեց Մեքքայում ուրբաթ օրը, ինչը խորհրդանշական է մահմեդականություն դավանողների համար, սակայն այստեղ ավելի շատ տեսանելի է հարցի այդ կողմը, քան իրական քաղաքականությունը։ Պողոսյանը հիշեցրեց, որ Սաուդյան Արաբիան և Պակիստանն արդեն իսկ ունեին նմանօրինակ դաշինք, այսինքն՝ իրականում սա ոչ թե նոր գործընթաց է, այլ Թուրքիան միացել է այդ երկյակին։
«Նախ կա ընկալում, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Մերձավոր Արևելքում, կարծես, թե նվազում է, և կա ցանկություն նրա փոխարեն գործընթացներում ներգրավվելու, ինչը նշանակում է, որ այն աշխարհակարգը, որը հենված էր ԱՄՆ-ի էական ներգրավման վրա, գուցե, սկսում է ճաքեր տալ և, գուցե, այլևս չի լինի։ Հիմա տեսնում ենք, որ Իրանի նկատմամբ նույնիսկ Միացյալ Նահանգների կողմից ռազմական ուժի կիրառումը հարցեր չի լուծում, իսկ մնացած պետություններին կանգնեցնում է լուրջ խնդիրների առջև, որովհետև Իրանը պատասխան հարվածներ է հասցնում մնացած երկրներին, հետևաբար վերոհիշյալ դաշինքի ստեղծումը քայլ էր փոփոխվող աշխարհում ԱՄՆ-ի նվազող դերակատարման համատեքստում հավելյալ անվտանգային երաշխիքներ ստեղծել միմյանց նկատմամբ»,- ասաց մեր զրուցակիցը։
Պողոսյանի կարծիքով՝ կա նաև Իրանի գործոնը։ Նա չի կիսում այն տեսակետը, որ դաշինքն ուղղված է Իրանի դեմ, բայց հասկանալի է, որ առնվազն Իրանին ուղղված նախազգուշացում է։
«2023 թվականից հետո, երբ Իսրայելը ջախջախիչ հարվածներ հասցրեց ՀԱՄԱՍ-ին ու «Հըզբոլլահ»-ին, ինչպես նաև տապալվեց Ասադի վարչակազմը, շատերի մոտ ձևավորվեց ընկալում, որ Իրանը «կավե ոտքերով» հսկա է, սակայն 2025 թվականի հունիսից ու ընթացիկ տարվա փետրվարի 28-ից հետո տեղի ունեցած գործընթացները ցույց տվեցին, որ Իրանը բավականին հզոր պետություն է։ Դա որոշակի մտահոգություններ է առաջացրել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի մոտ։ Չմոռանանք, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան սուննի-շիա առանցքի երկու հիմնական գործող ուժերն են»,- ասաց Պողոսյանը։
Նա ուշադրություն հրավիրեց նաև իսրայելական գործոնի վրա՝ ընդգծելով, որ Իսրայելը գնալով ավելի ակտիվ է դառնում, և նույնիսկ ԱՄՆ-ն շատ հաճախ չի կարողանում նրան զսպել։
«Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել այլ երկրների։ Հիշենք Կատարի ռմբակոծությունները՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապված բանակցությունների առթիվ։ Այժմ Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ 15 կետանոց համաձայնագիրը և ավելի շատ հակված է ռազմական ուժ կիրառել՝ իր ռազմավարական խնդիրները լուծելու համար։ Այդ երկիրն իր ռազմական ներուժով հետզհետե դառնում է անկանխատեսելի, հետևաբար վերոհիշյալ դաշինքն ինչ-որ չափով ուղղված է նաև Իսրայելի դեմ»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք տվյալ եռյակը չի շարունակի քողարկված իրականացնել ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերը Մերձավոր Արևելքում՝ Պողոսյանն ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն, իհարկե, չի կարող ամբողջովին հեռանալ տարածաշրջանից գոնե տեսանելի ապագայում, սակայն կարող է որոշ չափով նրա ներկայությունը նվազել։
«Թուրքիան գոնե վերջին տասնամյակում Էրդողանի գլխավորությամբ վարում է ռազմավարական ինքնավարության քաղաքականություն։ Անկարայից կան հստակ մեսիջներ առ այն, որ ավարտվել է այն ժամանակը, երբ Վաշինգտոնից հեռախոսով կարգադրում էին, իսկ իրենք հնազանդորեն կատարում։ Հիմա նույնպես Անկարայում վերցնում են լսափողը, բայց եթե ԱՄՆ-ն ասում է բաներ, որոնք հակասում են Թուրքիայի շահերին, թուրքական կողմը նման քայլեր չի անում։ Սաուդյան Արաբիան, կարծես, փորձում է խորացնել ու ինտենսիվացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ՝ օգտագործելով Թրամփին շահագրգռող բիզնես նախագծեր, սակայն այդ երկիրն էլ է հասկանում, որ Միացյալ Նահանգների հետ սերտ դաշինքը դեռ անվտանգության երաշխիք չէ և որոշ դեպքերում նույնիսկ դառնում է պրոբլեմ։ Ավելի քան 15 ամերիկյան ռազմաբազաներ կան Սաուդյան Արաբիայում, որոնց լուրջ հարվածներ են հասցվել, էլ չասած մյուս երկրների տնտեսական ներուժին հասցված վնասների մասին, որտեղ նույնպես տեղակայված էին նմանատիպ ռազմաբազաներ»,- ասաց Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ միայն Պակիստանն է, կարծես, ավելի սերտ հարաբերություններ զարգացնում Թրամփի վարչակազմի հետ և երբեմն ստեղծվում է տպավորություն, որ ցանկանում է ԱՄՆ-ի միջոցով Հնդաստանի վրա ազդելու լծակներ ունենալ։ Ամերիկյան կողմն իր հերթին ուզում է, որպեսզի Հնդկաստանը լինի ուժեղ և նրան օգտագործի Չինաստանի դեմ, բայց չի ցանկանում, որ վերահսկողությունից դուրս գա, ինչպես Չինաստանը, հետևաբար այդ համատեքստում ԱՄՆ-Պակիստան հարաբերությունները դարձել են ավելի ինտենսիվ։ Այդուհանդերձ, Պողոսյանը չի կիսում այն տեսակետը, որ վերոհիշյալ դաշինքը կդառնա զուտ ամերիկյան շահերի սպասարկող գործոն։
Խոսելով տվյալ դաշինքի հնարավոր ընդլայնման մասին՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի արտգործնախարարը հիշատակել է մասնավորապես Եգիպտոսի անունը՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ Եգիպտոսի թեկնածությունը քննարկվում էր դեռ ամիսներ առաջ, երբ արդեն քննարկումներ կային նմանօրինակ դաշինք ստեղծելու վերաբերյալ, նույնիսկ շրջանառվում էր «մահմեդական ՆԱՏՕ» եզրույթը։
«Հիմա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Եգիպտոսը, կարծես, դուրս է մնում գործընթացներից։ Դժվար է ասել՝ այդ երկիրը կմիանա՞ դաշինքին, թե՞ ոչ։ Շատ բան կախված կլինի դաշինքի պրակտիկ օգուտից։ Մի բան է, երբ ասվում է, որ մեկ երկրի վրա հարձակման պարագայում դաշինքի մյուս անդամները պետք է պաշտպանեն նրան, բայց իրականում տեսեք, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում։ Հութիներն այժմ հարվածներ են հասցնում Սաուդյան Արաբիային և ապագայում էլ կշարունակեն հարվածներ հասցնել։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Թուրքիան և Պակիստանը ներքաշվելու են պատերազմի մեջ՝ ընդդեմ հութիների։ Կամ եթե նորից իրավիճակը սրվի հնդկապակիստանյան սահմանին, արդյոք Թուրքիան և Սաուդյան Արաբիան անմիջականորեն կմիջամտե՞ն՝ աջակցելով Պակիստանին։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան»,- ասաց Պողոսյանը։
Նրա կարծիքով՝ շահագրգիռ պետությունները, այդ թվում՝ Եգիպտոսը, որոշում կայացնելուց առաջ կհետևեն գործընթացներին և, եթե տեսնեն, որ սա միայն քաղաքական կառույց է ու վտանգների և հարձակումների դեպքում լիարժեքորեն չի գործում, ապա դժվար թե անդամագրվեն այդ դաշինքին։
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Մեքքայում ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։
Կողմերը նախատեսում են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը, համակարգել ջանքերը տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնել հետախուզական տեղեկատվության փոխանակում։
Դաշինքի ստեղծման շուրջ բանակցություններն ընթանում էին նախորդ տարվա վերջից։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համագործակցության հնարավոր ուղղություններից մեկը կարող է լինել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միացումը Թուրքիայի հինգերորդ սերնդի KAAN կործանիչի ստեղծման ծրագրին։