Ուկրաինայում և Ռուսաստանում փոխադարձ հարվածներից կան զոհեր և վիրավորներ
3 րոպեի ընթերցում

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին մայրաքաղաքում անօդաչու թռչող սարքերի հարվածներից կան զոհեր և վիրավորներ։ Սոլոմենսկի շրջանում գրասենյակային շենքին ԱԹՍ-ի հարվածից 4 մարդ է զոհվել, 7 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Իսկ Պեչերսկի շրջանում անօդաչու թռչող սարքը հարվածել է 16-հարկանի շենքի, որի հետևանքով 14-ամյա տղա է զոհվել։ Պեչերսկի շրջանում և Կիևի երկու այլ շրջաններում ԱԹՍ-ների հարվածներից ևս 20 մարդ է վիրավորվել։
Այսպիսով, Կիևում սեպտեմբերի 25-ին ռուսական հարվածներից զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 27 մարդ։
Զապորոժիեի մարզի իշխանությունները հայտնել են, որ ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով վնասվել է բժշկական կենտրոնի շենքը, այնտեղ հրդեհ է բռնկվել, մեկ մարդ թեթև վիրավորվել է։
Օդեսայի և հարակից շրջանի վրա գիշերային հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
Ուկրաինական կողմն էլ հարվածել է ՌԴ-ին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է սեպտեմբերի 24-ին և սեպտեմբերի 25-ի գիշերը Ռուսաստանի Պերմի և Նովոշախտինսկի նավթարդյունաբերական օբյեկտների վրա հարվածների մասին։
ՌԴ Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է առավոտյան Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին, որի հետևանքով դադարեցվել է գործարանի գործունեությունը։ Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինը չի նշել գիշերային հարվածի թիրախ հանդիսացող արդյունաբերական օբյեկտի անունը։ Տեղեկություններ են հաղորդվել մեկ զոհի մասին։
Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ Օմսկի մարզի նահանգապետ Վիտալի Խոցենկոն հայտնել է Օմսկից Մելիտոպոլ մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենայի վրա հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է երեք կամավոր, ևս երկուսը՝ վիրավորվել։
Իսկ Վորոնեժի մարզի վրա ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 13-ի։ Վորոնեժի մարզի նահանգապետի խոսքով՝ գիշերը Վորոնեժի և շրջակա տարածքների երկնքում, ընդհանուր առմամբ, 88 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Նաև վաղ առավոտյան ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Մոսկվա-Տոլյատի ուղևորատար գնացքի վրա Սամարայի մարզում, որի հետևանքով մեքենավարը վիրավորվել է։