Տնտեսություն

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում

2 րոպեի ընթերցում

Ուրուգվայում անցկացվել է «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Մոնտեվիդեոյում՝ Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի՝ ALADI-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Հայաստանի արտահանման ներուժը․ նոր գործընկերություններ, նոր հնարավորություններ» խորագրով միջոցառում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից, միջոցառման ընթացքում ALADI-ի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն իր խոսքում ողջունել է ՀՀ դեսպանության ակտիվ ներգրավվածությունը կառույցի շրջանակներում՝ որպես դիտորդ պետություն՝ ընդգծելով Հայաստանի տնտեսական ներուժի, արտահանման հնարավորությունների և միջազգային շուկաներում ներկայության ընդլայնման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը։

Նշվում է, որ Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի արտահանման ներուժը և տնտեսական հիմնական ցուցանիշները՝ ընդգծելով արտահանման շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող գործընթացի կարևորությունը և դրա հետագա ընդլայնման հեռանկարները:

Ելույթով է հանդես եկել նաև Ուրուգվայում, ALADI-ում և MERCOSUR-ում Պարագվայի դեսպան Դիդիեր Օլմեդոն՝ շնորհավորելով ՀՀ դեսպանությանը նախաձեռնության համար և վստահության հայտնելով, որ Հայաստանի և ALADI-ի անդամ պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափ է ձևավորվում:

Միջոցառմանը ներկա են գտնվել ALADI-ի անդամ պետությունների դեսպաններ, ինչպես նաև՝ ներմուծման ոլորտում գործունեություն ծավալող տասնյակ ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել հայկական գինիների հյուրասիրություն:

ALADI-ն տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպություն է, որը միավորում է Լատինական Ամերիկայի 13 երկրներ (Արգենտինա, Բրազիլ, Բոլիվիա, Էկվադոր, Կուբա, Կոլումբիա, Մեքսիկա, Չիլի, Պանամա, Պարագվայ, Պերու, Ուրուգվայ, Վենեսուելա) ՝ նպատակ ունենալով խթանել տնտեսական համագործակցությունը, առևտրի ընդլայնումը և անդամ պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները:

Հայաստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ է շնորհվել նախորդ տարի:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում