Իրան

Փեզեշքիանն Իրանի աջակցությունն է հայտնել բանակցություններում պաղեստինցի առաջնորդների որոշումներին

2 րոպեի ընթերցում

Փեզեշքիանն Իրանի աջակցությունն է հայտնել բանակցություններում պաղեստինցի առաջնորդների որոշումներին

Իրանն աջակցում է պաղեստինյան առաջնորդների կողմից բանակցային գործընթացի ընթացքում ընդունված ցանկացած որոշման, նախաձեռնության կամ միջոցառման։ Այս մասին Պաղեստինյան դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղաքական բյուրոյի ղեկավար Խալիլ ալ-Հայյայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ վերահաստատելով Թեհրանի շարունակական աջակցությունը Պաղեստինի ժողովրդին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Իրանի նախագահը շնորհավորել է ալ-Հայյային ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ իրանցի ժողովուրդն ու երկրի կառավարությունը կշարունակեն առավելագույն չափով աջակցել Պաղեստինին։

Անդրադառնալով ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ վերջերս իրականացված հարձակումներին՝ նախագահը նշել է, որ պաղեստինյան հարցը մնում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունք և շարունակում է համարվել մուսուլմանական աշխարհի ամենակարևոր խնդիրը։

Ալ-Հայյան իր հերթին բարձր է գնահատել Իրանի շարունակական աջակցությունը պաղեստինյան ժողովրդին։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը բանակցություններ է վարում այլ պաղեստինյան խմբավորումների հետ և թույլ չի տա, որ «իսրայելական ռեժիմը բանակցությունների միջոցով ապահովի այն, ինչին չի կարողացել հասնել մարտադաշտում»։

Ալ-Հայյան նաև հույս է հայտնել, որ քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի ուժեղացումը դիմադրության հետ մեկտեղ կօգնի իրականացնել Պաղեստինի ժողովրդի ձգտումները, և լավատեսություն է հայտնել ապագայում Իրանի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում