2 րոպեի ընթերցում
Մալարիա տարածող մոծակի ինվազիվ տեսակը, որը կայուն է բոլոր հայտնի միջատասպան նյութերի նկատմամբ, Աֆրիկայում տարածվում է մտահոգիչ արագությամբ՝ սպառնալով քաղաքային բնակիչներին, որոնք հիմնականում իմունիտետ չունեն մալարիայի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times թերթը՝ վկայակոչելով Science գիտական ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը։
«Մալարիայի ինվազիվ, միջատասպանների նկատմամբ կայուն մոծակը, որն իրեն հիանալի է զգում այն քաղաքներում, որտեղ մալարիան մեծ վտանգ չի ներկայացրել, ավելի ու ավելի արագ է տարածվում Աֆրիկայում՝ գերազանցելով նույնիսկ հոռետեսոորեն տրամադրված գիտնականների սպասումները», - գրում է հրատարակությունը:
Խոսքը Anopheles stephensi տեսակի մոծակի մասին է։ Ուսումնասիրելով տասը երկրի առանձնյակների՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ աֆրիկյան մոծակները գենետիկորեն կայուն են ներկայում կիրառվող բոլոր միջատասպանների նկատմամբ։ Առողջապահության բնագավառի շատ փորձագետներ կարծում են, որ արդեն ուշ է այս տեսակը վերացնելու կամ գոնե դրա տարածումը զսպելու համար։
Ինչպես գրում է The New York Times-ը, այս տեսակն, ի տարբերություն Աֆրիկայում մալարիա տարածող այլ մոծակների, իրեն հիանալի է զգում ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային միջավայրերում, չորային և անձրևային եղանակներին։ Փորձագետները երկյուղում են, որ այն կարող է լուրջ խնդիրներ ստեղծել խոշոր քաղաքների համար, ինչպիսիք են Նիգերիայի ամենամեծ քաղաք Լագոսը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասան։
Քենիայի գիտահետազոտական բժշկական ինստիտուտի միջատաբանության բաժնի ղեկավար Էրիկ Օչոմոն ընդգծում է, որ քաղաքային բնակիչների մեծ մասը մալարիայի նկատմամբ իմունիտետ չունի, ուստի մոծակը, որն ամբողջ տարվա ընթացքում կարող է վարակել մարդկանց, լուրջ դժվարություններ կառաջացնի հիվանդությունների դեմ պայքարի գործում։