Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ղազախստանի նախագահի հեռախոսազրույցը
2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով և հաջողություններ մաղթել՝ ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի։
Վարչապետ Փաշինյանը նախագահ Տոկաևին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում իրեն բարձրագույն պետական պարգևով պարգևատրելու համար՝ ընդգծելով Հայաստան-Ղազախստան հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը։
Միաժամանակ, վարչապետը նախագահ Տոկաևին հաջողություն է մաղթել օգոստոսի 23-ին կայանալիք Կուրուլթայի ընտրություններում՝ ընդգծելով նրա կողմից իրականացվող ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարական նշանակությունն ու հետևողականությունը։
Վարչապետը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է այց կատարել Հայաստան։ Ղազախստանի նախագահը ընդունել է հրավերը։
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ղազախստան հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։