Քաղաքական տարաձայնությունները պետք է վերածվեն ավելի լավ որոշումների. ՀՀ նախագահի ելույթը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում
8 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահը շնորհավորել է Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով, որ խորհրդարանի աշխատանքի արդյունքները պետք է գնահատվեն ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը նպաստելով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այսօր իր աշխատանքն է սկսում Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը։ Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը. իշխանությունը բխում է ժողովրդից և իրականացվում է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- նշել է ՀՀ նախագահը։
Նա շնորհակալություն է հայտնել ութերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին՝ կատարած աշխատանքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության զարգացման գործում ունեցած ներդրման համար։
«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նրանց ակտիվ մասնակցությունն ընտրություններին և ազատ կամարտահայտությունը ոչ միայն ժողովրդավարական գործընթացի կարևոր բաղադրիչ են, այլև մեր պետականության կենսունակության, հանրային պատասխանատվության և քաղաքացիական հասունության լավագույն վկայությունը»,- նշել է նախագահը։
Նա շնորհավորել է խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժին՝ քաղաքացիների վստահության քվեն ստանալու կապակցությամբ, ինչպես նաև՝ Ազգային ժողով անցած մյուս քաղաքական ուժերին։
Նախագահի խոսքով՝ յուրաքանչյուր գումարման Ազգային ժողով ձևավորում է ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի քաղաքական օրակարգը, այլև պետության ինստիտուցիոնալ զարգացման մշակույթը։
«Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլ դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերած նպաստով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը»,- ասել է նա։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմինն է, ինչպես նաև պետության գլխավոր քաղաքական ամբիոնը։
«Այստեղ գաղափարների մրցակցությունը պետք է վերածվի պետական լուծումների, քաղաքական տարաձայնությունները՝ ավելի լավ որոշումների, իսկ հանրային վստահությունը՝ արդար և կենսունակ օրենքների։
Ժողովրդավարության ուժը պայմանավորված չէ կարծիքների միասնությամբ։ Այն կայանում է տարբեր կարծիքների խաղաղ, արժանապատիվ և պատասխանատու համակեցության մեջ՝ հանուն մեկ նպատակի՝ Հայաստանի Հանրապետության հզորացման և հանրային բարօրության»,- ընդգծել է նախագահը։
Նրա խոսքով՝ խորհրդարանական բանավեճը ժողովրդավարության անբաժանելի մասն է, սակայն դրա արժեքը որոշվում է ոչ թե հնչող խոսքերի սրությամբ, այլ այն գաղափարներով, որոնք ծառայում են հանրային բարիքին։
«Քաղաքական մրցակցությունն ինքնանպատակ չէ։ Այն արժեքավոր է այնքանով, որքանով նպաստում է ավելի արդյունավետ կառավարմանը, ավելի արդար օրենսդրությանը և ամուր պետությանը»,- նշել է նա։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Սահմանադրությունը պատգամավորին օժտել է ամբողջ ժողովրդին ներկայացնելու բարձր առաքելությամբ։
«Այդ առաքելությունը ենթադրում է որոշումներ կայացնել ոչ թե պահի քաղաքական նպատակահարմարությամբ, այլ խղճի, մասնագիտական համոզմունքի և պատասխանատվության թելադրանքով։ Դա պահանջում է նաև համարձակություն՝ ընդունելու այնպիսի որոշումներ, որոնք միտված են հանրային բարիքին, պետության երկարաժամկետ շահին և ապագա սերունդների բարեկեցությանը»,- ասել է նա։
Նախագահի խոսքով՝ հանրությունն ակնկալում է, որ Ազգային ժողովը կլինի այն վայրը, որտեղ տարբեր քաղաքական հայացքները ոչ թե կխորացնեն բաժանարար գծերը, այլ կմրցեն պետության համար առավել օգտակար լուծումներ առաջարկելու հարցում։
«Մեզ անհրաժեշտ է քաղաքական մշակույթ, որտեղ անհամաձայնությունը չի վերածվում անհանդուրժողականության, իսկ սկզբունքայնությունը երբեք չի բացառում փոխադարձ հարգանքը»,- ընդգծել է ՀՀ նախագահը։
Անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության դերերին՝ նա նշել է, որ մեծամասնության ուժը չափվում է ոչ միայն լիազորություններով, այլև պատասխանատվության խորությամբ։
«Ժողովրդավարական խորհրդարանում առանձնահատուկ նշանակություն ունի ընդդիմության դերը։ Արդյունավետ ընդդիմությունը պետական կառավարման անհրաժեշտ բաղադրիչ է։ Նրա վերահսկողական գործառույթը, սկզբունքային և մասնագիտական քննադատությունը, այլընտրանքային առաջարկներն ու նախաձեռնությունները նպաստում են կառավարման որակի բարձրացմանը, բացթողումներին ժամանակին արձագանքելուն և պետական քաղաքականությունների շարունակական կատարելագործմանը։
Ի վերջո, առողջ ժողովրդավարության մեջ իշխանությունն ու ընդդիմությունը տարբեր ճանապարհներով ծառայում են նույն նպատակին՝ Հայաստանի Հանրապետության առաջընթացին»,- ասել է նախագահը։
Նա ընդգծել է, որ խորհրդարանում տարաձայնությունները բնական և երբեմն անխուսափելի են, սակայն դրանք արժեք ունեն միայն այն դեպքում, երբ ծառայում են ավելի լավ որոշումների կայացմանը, ավելի արդար օրենքների ընդունմանը և պետության զարգացմանը։
«Մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են պետական շահի բարձր գիտակցում, հեռատեսություն և համագործակցելու կարողություն»,- նշել է նա։
Եզրափակելով ելույթը՝ ՀՀ նախագահը մաղթել է, որ իններորդ գումարման Ազգային ժողովը հիշվի որպես խորհրդարան, որտեղ քաղաքական մրցակցությունը չի գերազանցել պետական պատասխանատվությանը։
«Թող իններորդ գումարման Ազգային ժողովը հիշվի որպես խորհրդարան, որտեղ քաղաքական մրցակցությունը երբեք չի գերազանցել պետական պատասխանատվությանը, որտեղ գաղափարական տարբերությունները չեն խոչընդոտել համապետական նշանակության հարցերում համախմբմանը, և յուրաքանչյուր որոշման հիմքում եղել է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների շահը։
Մաղթում եմ ձեզ իմաստուն, արդյունավետ և պատասխանատու աշխատանք՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- եզրափակել է նախագահը։