Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն
2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում ընդունել է գույքի նվիրաբերությունն ընդունելու և այն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացնելու մասին որոշումը, որի արդյունքում Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված մշակութային կենտրոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել բարերարին պատկանող անշարժ գույքը և նրա անձնական հավաքածուն՝ գորգերի թանգարան հիմնելու նպատակով։
Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրաբերություն կընդունի Կոտայքի մարզի Գառնի բնակավայրի Գեղարդի խճուղու 3-րդ փակուղի 1 հասցեում գտնվող՝ 817.64 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.26 հեկտար հողամասը։
Պետությանը կնվիրաբերվի նաև Գեղարդի խճուղու 2-րդ փակուղի 6/1 հասցեում գտնվող 0.1 հեկտար մակերեսով հողամասը։
Գույքը կամրացվի ԿԳՄՍ նախարարությանը՝ գորգերի թանգարանի հիմնադրման և գործունեության ապահովման նպատակով։ Միաժամանակ կպահպանվի նշված տանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսյանի բնակության իրավունքը։
Որոշման ընդունմամբ հնարավորություն կստեղծվի Գառնիում հիմնելու հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն։