Եթե ՀՀ-ի նկատմամբ արտահանման սահմանափակումների հարցը արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Եթե ՀՀ-ի նկատմամբ արտահանման սահմանափակումների հարցը արագ չլուծվի, դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյան

Հայաստանի նկատմամբ արտահանման սահմանափակումների շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության խնդիրն է։ Եթե հարցն արագ չլուծվի, դա կարող է դառնալ ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ խնդիրը Հայաստանինը չէ։ Հայաստանը չէ խնդիրը, դա ԵԱՏՄ-ի խնդիրն է, որովհետև փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցին՝ նշելով, որ մի շարք հարցերի շուրջ կողմերը հասել են ընդհանուր ըմբռնման։

«Ամենակարևորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի լեգիտիմ իրավունք՝ իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Ես Ռուսաստանի նախագահին ասել եմ, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն էլ քվեարկել է դրա օգտին»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ։

«Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականության արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետությունն այլընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ և բոլոր հարցերում պետք է ունենա այլընտրանքներ, և այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Այստեղ հարցն այն է, թե այդ այլընտրանքը երբ պետք է իրացվի»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրության հարցով հնարավոր հանրաքվեին՝ Փաշինյանը նշեց, որ նման հանրաքվե անցկացնելուց առաջ Հայաստանը պետք է առնվազն պաշտոնապես դիմած լինի ԵՄ-ին անդամակցելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում