Զելենսկին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ
3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Վաշինգտոնում հանդիպել է Սենատի երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X հարթակում գրառման մեջ։
«Այսօր Վաշինգտոնում մենք կարևոր հանդիպում ունեցանք Սենատում երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ներկա էր ավելի քան 60 սենատոր։ Շնորհակալություն այս աջակցության և առաջնագծում մեր զինվորների արդյունքներին և մեր ժողովրդի դեմ Ռուսաստանի հարվածներին արդարացիորեն արձագանքելու Ուկրաինայի կարողությանն ուղղված բարձր գնահատականի համար», - նշել է նա։
Զելենսկու խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, առաջին հերթին՝ հակահրթիռային պաշտպանությունը։
«Խորհրդանշական է, որ այսօր, երբ մենք հրաժեշտ էինք տալիս սենատոր Լինդսի Գրեմին, Սենատն ընթացակարգային քվեարկություն անցկացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վերաբերյալ, որի վրա նա այդքան շատ էր աշխատել։ Պատիվ էր ներկա գտնվել ձայների հաշվարկին. 86 սենատոր աջակցեց օրինագծին։ Սա Լինդսիի ծրագրերի իրականացման առաջին քայլն է և, անկասկած, խաղաղության հասնելու քայլ։ Կարևոր է, որ այս գործիքն աշխատի», - ընդգծել է Զելենսկին։
Զելենսկին նաև հանդիպել է Lockheed Martin պաշտպանական ընկերության ներկայացուցիչների հետ։
«Ես հանդիպեցի Lockheed Martin պաշտպանական ընկերության թիմի հետ, որը Միացյալ Նահանգների ամենահզոր ընկերություններից մեկն է, որի հետ մենք երկարատև գործընկերություն ունենք: Lockheed Martin-ն արտադրում է ATACMS-ներ, HIMARS-ներ, F-16-եր և հրթիռներ Patriot համակարգերի համար», - նշել է Զելենսկին X-ում մեկ այլ գրառման մեջ:

Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկել են «համագործակցության ավելի ակտիվ զարգացումը՝ համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանակումը»։
«Ուկրաինան շատ բան ունի կիսելու նրանց հետ, ովքեր օգնում են մեզ կյանքեր պաշտպանել: Մենք խոսեցինք Patriot համակարգերի և այլ համակարգերի հետ կապված մեր համատեղ հնարավորությունների մասին: Մեր թիմերն արդեն աշխատում են կոնկրետ լուծումների վրա՝ հնարավորինս արագ համատեղ արտադրության անցնելու և կյանքեր պաշտպանելու մեր կարողությունները բարձրացնելու համար», - հավելել է նա:
Ավելի վաղ Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։