«Եղեգիս Ֆեսթ». Կենսաբազմազանության «թեժ կետի» պահպանությունն ու համայնքային զարգացումը՝ մեկ հարթակում

8 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Հորս գյուղը հուլիսի 25-ին վերածվել էր կայուն զարգացման, էկոտուրիզմի և մշակութային վերածննդի կենտրոնի, որին մասնակցել է ավելի քան 3500 մարդ Հայաստանի տարբեր ծայրերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այստեղ մեծ շուքով կայացել է «Եղեգիս Ֆեսթ. Վայոց ձորի բնության և մեղրի փառատոնը»։ Միջոցառումը, որն իր շուրջն էր համախմբել հազարավոր հյուրերի, իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից՝ Մեծ Բրիտանիայի կառավարության «Դարվինի նախաձեռնության» (Darwin Initiative), ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և «Bear in Mind» հիմնադրամի հետ համատեղ։

«Եղեգիս Ֆեսթ»-ը դուրս էր եկել ավանդական տեղական տոնախմբության սահմաններից՝ վերածվելով միջազգային կարևոր հարթակի, որտեղ կանաչ օրակարգը, էկոտուրիզմը և վայրի բնության պահպանությունը մեկտեղվել են համայնքների սոցիալ-տնտեսական հզորացման ռազմավարության հետ։ Փառատոնի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ մարդ-վայրի բնություն համակեցությունը և էկոլոգիական պատասխանատվությունը կարող են դառնալ տեղական տնտեսության զարգացման հզորագույն շարժիչ ուժ։

Փառատոնի առանցքային նպատակներից է անդրադարձը տարածաշրջանի ամենազգայուն խնդիրներից մեկին՝ մարդ-արջ հարաբերություններին։ Վայոց ձորի համայնքներում վայրի արջերի հաճախակի դարձած այցելություններն ու պատճառված վնասները լրջորեն մտահոգում են տեղի բնակիչներին և ստեղծում ֆինանսական ու անվտանգության խնդիրներ։

Փառատոնի պատվավոր հյուրերից Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը հանդես եկավ ողջույնի խոսքով, այնուհետև մեծ ոգևորությամբ շրջեց բոլոր տաղավարներով, համտեսեց մեղր և մասնակցեց հայկական պարի ուսուցման աշխատարանին։

FPWC-ի և գործընկերների կողմից իրականացվող այս երկարաժամկետ ծրագիրը, որի մի մասն էլ հենց այս փառատոնն է, միտված է այդ ռիսկերի նվազեցմանը։ Նպատակն է բնակիչների կողքին լինել՝ առաջարկելով կոնֆլիկտի մեղմման գործնական գործիքներ, անվտանգության համակարգեր և տնտեսական նոր այլընտրանքներ, ինչպիսիք են կայուն էկոտուրիզմն ու մեղվաբուծության զարգացումը։

«Մեր նպատակն է ստեղծել կայուն, կենսունակ մոդելներ, որտեղ տեղական համայնքը բնության պահպանության գլխավոր շահառուն ու պաշտպանն է։ Վայոց ձորում մարդ-արջ կոնֆլիկտը և համայնքներին հասցվող վնասները տարիների ցավոտ խնդիր են, և մենք լիովին հասկանում ու կիսում ենք բնակիչների մտահոգություններն ու կրած կորուստները։ Հենց այդ պատճառով մեր գործընկերությունն ուղղված է ոչ թե պարզապես խնդրի մասին խոսելուն, այլ գործնականում ռիսկերը մեղմելուն, անվտանգության լուծումներ տրամադրելուն և մարդկանց ապրուստը պաշտպանելուն։ Այս փառատոնը հարթակ է՝ ցույց տալու, որ համայնքների հզորացումն ու տեղական արտադրանքի՝ այս դեպքում՝ մեղրի արժևորումը, կարող են դառնալ այդ կոնֆլիկտի հաղթահարման և անվտանգ համակեցության բանալին»,- բացման ելույթում ասել է FPWC հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Փառատոնը փայլել է իր ավանդական ու մշակութային բազմազանությամբ։ Հորս գյուղում տեղադրված տաղավարներում ներկայացված էին Վայոց ձորի էկոլոգիապես մաքուր մեղրի ողջ տեսականին, տեղական արհեստներն ու համայնքային կյանքը։

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանն ընդգծել է․

«Եղեգիս Ֆեսթ»-ը ոչ միայն մշակութային տոն է, այլև արդյունավետ միջոց՝ աջակցելու տեղական համայնքին և ներկայացնելու Եղեգիսը որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Այն ընդգծում է  բնության պահպանության և պատասխանատու զբոսաշրջության կարևորությունը։ Նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և օգնում են աշխարհին ավելի լավ ճանաչել մեր երկիրը»։

Տեղի բնակիչների գլխավորությամբ պատրաստվել և համտեսվել են տարածաշրջանի ավանդական ու եզակի կերակրատեսակները՝ Արտաբույնքի «քրճիկը», հալվան ու արիշտան, Սալիի թոնրի լավաշն ու գաթան, ինչպես նաև Հորսի հայտնի «քյալագյոշը»։ 

Պրոֆեսիոնալ ուղեկցորդների հետ հյուրերը բացահայտել են Սմբատաբերդը, Զորաց տաճարը, Հրեական գերեզմանոցը, Հոստուն բնակատեղին, Հորսի լիճն ու Չեզար իշխանի պալատը։ 

Փառատոնի ամենասիրված ու տպավորիչ անկյուններից մեկը դարձել էր ռեկորդային չափսերով հսկայական «ներկիր ինքդ» պատը։ Հյուրերը, կողք կողքի կանգնած, միասին ներկել են այս հսկա կտավը՝ ստեղծելով յուրօրինակ փորձառություն, ինչը ևս մեկ անգամ խորհրդանշել է համայնքային համախմբվածությունն ու ստեղծարար ուժը։

Երեխաներն ու մեծահասակները ներգրավվել են ինտերակտիվ դասընթացների մեջ՝ ուսումնասիրելով ծառերը մանրադիտակի տակ, պատրաստելով մեղրամոմե բազմակի օգտագործման կտորաթերթեր, որպես պոլիէթիլենի այլընտրանք և ծանոթացել «Եղինջից մանրաթել» ստանալու տեխնոլոգիային։

Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել FPWC հատուկ էկո-անկյունը, որտեղ ցուցադրվել է թակարդ-տեսախցիկների իրական աշխատանքը։ Դրա միջոցով այցելուներին ներկայացվել է տարածաշրջանի հարուստ վայրի բնությունն ու գիտական այն մեթոդները, որոնցով իրականացվում է կենդանիների պաշտպանությունը։

«Եղեգիս Ֆեսթ»-ի ողջ ընթացքն ուղեկցվել է հարուստ մշակութային ծրագրով։ Ազգային երգ ու պարի կատարումներով հանդես են եկել Եղեգնաձորի Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները, դհոլահարների խումբը և Քարագլխի պարային ստուդիան։ Ժամանակակից ռիթմերն ապահովել է DJ Ալեն Հերցը։

Փառատոնի գեղեցիկ ակորդն ու մեծ տոնախմբությունը եզրափակվել է կենդանի հնչողությամբ. բեմում ելույթ են ունեցել Արսեն և Արթուր Սաֆարյանները, իսկ երեկոն իրական հիշարժան տոնի է վերածել «Լավ էլի» բենդը՝ ապահովելով հյուրերի և տեղացիների բարձր տրամադրությունն ու էներգետիկան։

«Եղեգիս Ֆեսթ»-ն ապացուցեց, որ միջազգային կառույցների, պետական հատվածի և համայնքային ներուժի ճիշտ սիներգիան կարող են ստեղծել երկարաժամկետ զարգացման հեռանկարներ՝ Հայաստանի քարտեզի վրա էլ ավելի տեսանելի դարձնելով Վայոց ձորի էկոտուրիստական հզոր ներուժը։

Եղեգիսի կիրճն իր տեսակով եզակի է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի մասշտաբով։ Այն կենսաբազմազանության համաշխարհային կարևորագույն «թեժ կետերից» մեկն է, որտեղ կենտրոնացած են բազմաթիվ էնդեմիկ և Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ ու բուսատեսակներ։ Կիրճի աշխարհագրական դիրքը, ուղղահայաց ժայռերն ու էկոհամակարգային բազմազանությունն ապաստան են այնպիսի հազվագյուտ տեսակների համար, ինչպիսիք են բեզոարյան այծը, կովկասյան ընձառյուծը, քարարծիվն ու գորշ արջը։ Այս բնական հարստության պահպանությունն ունի գլոբալ էկոլոգիական նշանակություն, ինչն էլ հիմք է միջազգային ռազմավարական նախագծերի ներդրման համար։

Հայերեն

Ավելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿ

Ամերիաբանկը նպատակադրվել է իր հաճախորդների քանակը հասցնել ավելի քան մեկ միլիոնի, ինչի համար կան անհրաժեշտ նախադրյալներ. Արման Բարսեղյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Իրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համար

Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունը

Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Անիի համայնքապետարանը օտարման է ներկայացնում մետաղյա խողովակներ և հեղուկ վառելանյութի մետաղական տարրաներ

IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը