1 րոպեի ընթերցում
Քուվեյթի բանակը հայտնել է, որ հակաօդային պաշտպանությունը ներկայում պայքարում է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումները կասեցնելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է արվել Քուվեյթի զինված ուժերի X-ի էջում։
Գլխավոր շտաբից նախազգուշացրել են, որ լսվող ցանկացած պայթյուն հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից «թշնամական հարձակումները կասեցնելու արդյունք է»։
Բանակը կոչ է արել բնակչությանը հետևել համապատասխան մարմինների կողմից տրված անվտանգության և պաշտպանության հրահանգներին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) իր հերթին հայտարարել է Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան բազաների վրա հարձակման մասին։
«Անօդաչու թռչող սարքերով հարվածներ ենք հասցրել Ալի ալ-Սալեմ ավիաբազայում գտնվող մեծ ռազմական տեխնիկայի պահեստի, Patriot հրթիռային պաշտպանության համակարգի և ամերիկյան զորքերի համար նախատեսված MQ-9 անօդաչու սարքերի կայանի վրա»,- նշվել է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է ամերիկյան զորքերի տեղակայման վայրի և ալ-Ադիրի զորանոցում գտնվող երկու ուղղաթիռների կայանի վրա հարձակում իրականացնելու մասին։