9 րոպեի ընթերցում
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում իրականացվում են սոցիալական ծրագրեր, որոնք զգալիորեն թեթևացնում են բնակիչների առօրյա հոգսերը։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն Սիսիանում տեղական գործընկերների հետ մի քանի նախաձեռնություն են իրականացրել։
Սիսիան համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանը նշեց, որ իրենք նախապես հանգամանորեն ուսումնասիրել էին համայնքի սոցիալական խնդիրները, որն ունի զգալի տարածք ինչպես բնակավայրերի թվաքանակի, այնպես էլ դրանց սփռվածության առումով։
«Մեր 36 քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև տարածությունն աշխարհագրական առումով բավականին մեծ է, և ոչ բոլոր բնակավայրերն ունեին հանրային տրանսպորտ, որպեսզի կապվեին Սիսիան քաղաքի հետ։ Հիմքում ունենալով այդ խնդիրը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց քանակը, առաջարկվեց համայնքում ստեղծել սոցիալական տաքսի ծառայություն հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ ԵՄ-ի շնորհիվ ձեռք բերեցինք հարմարեցված տրանսպորտային միջոց, որը կծառայի թե՛ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատիվ ու ապահով տեղաշարժի համար, թե՛ սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների համար»,- ասաց Կարապետյանը։
Նա հավելեց, որ սոցիալական տաքսի ծառայությունից օգտվելու առաջնահերթություն ունեն հենաշարժողական խնդրով պայմանավորված առաջին կարգի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող անձինք և սոցիալապես անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, խոցելի ընտանիքների անդամները։
Սիսիան համայնքում սոցիալական տաքսի ծառայությունից այժմ օգտվում են 17 շահառու։ Ծրագիրը կազմված է այնպես, որ ծառայությունը մատուցվում է տեղափոխման վայրը գնահատելուց հետո, հետևաբար փոխադրումներ իրականացնելու նպատակային վայրերն են բժշկական և ուսումնական հաստատությունները, ոչ ֆորմալ կրթության տրամադրման վայրերը, սոցիալ-վերականգնողական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային, սոցիալ-տնտեսական և իրավական խորհրդատվության ծառայությունների տրամադրման վայրերը։
«Մեր շահառուները միանգամայն անվճար են օգտվում սոցիալական տաքսի ծառայությունից։ Նրանք և՛ Սիսիան քաղաքից են, և՛ հարակից գյուղական բնակավայրերից։ Համայնքը հոգում է նրանց տեղափոխման ծախսերը։ Մեզ համար լավ հնարավորություն ստեղծվեց, երբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հայտարարեց ենթադրամաշնորհային ծրագրի մասին, և մենք կարողացանք մեր գաղափարն իրագործել այդ դրամաշնորհի միջոցով։ «Սիսիանի տրանսպորտ» ՀՈԱԿ-ի կազմում հաստիքացուցակով արդեն աշխատանքի են անցել տրանսպորտային միջոցը շահագործող անձն ու նրա օգնականը։ Հետագա ծախսերն իրականացվելու են համայնքի բյուջետային միջոցներով»,- տեղեկացրեց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Սիսիանի համայնքապետարանն առաջինն է Հայաստանում, որն իր բնակիչներին մատուցում է սոցիալական տաքսի ծառայությունը։ Կարապետյանի պնդմամբ՝ նշված ծառայության ներդրմամբ բնակիչների մոտ կարծրատիպերը փոխվել են և ավելի մեծ վստահություն է ձևավորվել թե՛ համայնքի, թե՛ առհասարակ պետության հանդեպ, որովհետև խոցելի խմբերն այլևս անտեսված չեն։
Սիսիանի սոցիալական տաքսի ծառայության հիմնական ուղղություններից է Գորիսի վերականգնողական կենտրոնը, որտեղ այցելող բնակիչների համար տեղաշարժը դարձել է հարմարավետ ու մատչելի։ Հայ-ֆրանսիական վերականգնողական կենտրոնը կոչվում է «Սանտե Արմենի» և գործում է Եվրամիության կողմից ֆինանսավորմամբ։
Լենա Դալլաքյանը կենտրոնի մասին իմացել է Գորիսում բնակվող բարեկամներից, շատ գոհ է իր երեքամյա բալիկին մատուցվող ծառայություններից։ Երեխան ինը ամսականից գրեթե չէր կարողանում կանգնել, բայց կենտրոն հաճախելուց հետո արդեն տեսանելի են դրական զգալի փոփոխություններ։ Դալլաքյանը շաբաթական երկու անգամ երեխային պարտադիր բերում է նշված կենտրոն։ Սկզբում գալիս էին սովորական տաքսիով, զգալի գումարներ էին ծախսում, սակայն սոցիալական տաքսի ծառայության շահագործումից հետո իրենց տեղաշարժը դարձել է անվճար։
Քրիստինե Հարությունյանը նույնպես կենտրոնի մասին իմացել է հարազատներից։ Նա մոտ երկու տարի իր երեքամյա զավակին բերում է նշված կենտրոն։ Երեխան նույնպես ունեցել էր շարժողական խնդիրներ, բայց բուժում ստանալուց հետո արդեն քայլում է։ Մայրը հույս ունի, որ լոգոպեդի անմիջական ջանքերի շնորհիվ՝ երեխան նաև կսկսի անկաշկանդ խոսել։ Քրիստինեն անչափ գոհ է իր փոքրիկին մատուցվող ծառայություններից։ Նա նույնպես նախկինում երեխային Սիսիանից բերելու համար սովորական տաքսի ծառայության համար վճարում էր զգալի գումարներ, բայց սոցիալական տաքսին նրանց տեղաշարժը դարձրել է դյուրին։
Ծնողների պնդմամբ՝ սիսիանցիների համար վերականգնողական կենտրոնն ու սոցիալական տաքսին իսկապես ստեղծել են լավ հնարավորություններ։ Վերականգնողական կենտրոնում երեխաների հետ աշխատում են բարձրակարգ մասնագետներ՝ կինեզիոթերապևտ, լոգոպեդ, հոգեբան։ Նախատեսված այցերից հետո փոքրիկները սկսել են ճանաչել շրջապատող աշխարհը, դարձել են ավելի աշխույժ ու առույգ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Դարման» սոցիալ-առողջապահական ՀԿ-ի նախագահ Շուշանիկ Միրումյանն անդրադարձավ «Մանկան երազանք» կոչվող ծրագրին, որի արդյունքում 17 բնակարաններում բնակվող երեխաների համար իրականացվել է պայմանների հարմարեցում։
«Ցավոք, հաճախ հաշմանդամություն ունեցող մարդկանց բնակարանները հարմարեցված չեն նրանց կարիքներին, նրանք օրվա մեծ մասը անցկացնում են տանը։ Հարմարեցումների բացակայությունը լրացուցիչ խնդիրներ և բարդություններ է ստեղծում ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձի, այլև նրան խնամողների համար։ Որպես արդյունք՝ նրանց լիարժեք ինտեգրումը հասարակության ներսում բավականին բարդ է։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում «Հանրային խորհրդատվության եւ հետազոտությունների կենտրոն» և «Դարման» սոցիալ-առողջապահական ՀԿ-ն Գորիս, Սիսիան և Կապան համայնքներում հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանների հետազոտություն են իրականացրել։ 112 ընտանիքների համար իրականացվել է հետազոտություն, ուսումնասիրվել է միջազգային փորձը, ընտրվել է մեթոդաբանություն, որի արդյունքում ներկայացվել է մի լուծում, թե ինչպես է հնարավոր ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց բնակարանային պայմանները բարելավել ու հարմարեցնել նրանց կարիքներին։ Հետազոտությունը մեծ արձագանք է ստացել, այն ներառվել է նաև Սյունիքի զարգացման հնգամյա պլանի մեջ, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դիտարկվում է որպես առաջիկա նոր սոցիալական ծառայության տեսակ»,- նշեց Միրումյանը։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի համագործակցությամբ։
«Դիմակայուն Սյունիք․ Թիմ Եվրոպա նախաձեռնությունը» համատեղ ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ԵՄ անդամ պետությունները՝ Ավստրիա, Չեխիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Շվեդիա, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիան։ Նախաձեռնության հիմնական նպատակն է խթանել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը։