Հայաստան

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազար ընտանիք, հատկացվել է 12.6 մլրդ դրամ

4 րոպեի ընթերցում

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է շուրջ 17 հազար ընտանիք, հատկացվել է 12.6 մլրդ դրամ

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից այս տարվա ընթացքում արդեն օգտվել է 1775 ընտանիք, որոնց տրամադրվել է շուրջ 1.5 միլիարդ դրամի աջակցություն։ Առաջիկա օրերին վճարումներ կստանա ևս 300-400 ընտանիք։ Ծրագրի մեկնարկից ի վեր ծրագրի շահառու է դարձել շուրջ 17 հազար ընտանիք, իսկ պետական բյուջեից հատկացվել է 12.6 միլիարդ դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Նա ընդգծեց, որ 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի ֆինանսավորման համար նախատեսվել է 2.4 միլիարդ դրամ։

Ղարագյոզյանը հիշեցրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին՝ նպատակ ունենալով բարելավել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանները հատկապես մարզային բնակավայրերում, որտեղ հիփոթեքային շուկան առավել պասիվ էր՝ կանխավճարի ապահովման դժվարությունների պատճառով։ Ծրագրի վերժնաժամկետը սահմանված է 2026 թվականի ավարտը։ 

Անդրադառնալով ծրագրի բաղադրիչներին՝ նշեց, որ  ծրագրի առաջին բաղադրիչը նախատեսված է առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար, որոնք ցանկանում են Հայաստանի ցանկացած մարզային բնակավայրում հիփոթեքային վարկով ձեռք բերել բնակարան կամ կառուցել անհատական բնակելի տուն։ Պետական աջակցությունն ուղղվում է կամ կանխավճարի ֆինանսավորմանը, կամ, եթե դրա անհրաժեշտությունը չկա, հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

«Աջակցության չափը երկու երեխա ունեցող ընտանիքների համար կազմում է մինչև 1 մլն դրամ, երեք երեխայի դեպքում՝ մինչև 1.5 մլն դրամ, իսկ չորս և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 2 մլն դրամ։ Եթե անշարժ գույքը ձեռք է բերվում սահմանամերձ բնակավայրում կամ այն բնակավայրում, որտեղ կառուցվում են դպրոցներ և մանկապարտեզներ, աջակցության չափն ավելանում է ևս 50 տոկոսով»,-ասաց նա։

Ծրագրի երկրորդ բաղադրիչը վերաբերում է կանխավճարի ապահովագրությանը։

«Այն կիրառվում է այն դեպքերում, երբ բանկը պահանջում է, օրինակ, 30 տոկոս կանխավճար, սակայն շահառուն կարողանում է վճարել միայն դրա մի մասը։ Մնացած գումարը ապահովագրվում է, իսկ պետությունն աջակցում է ապահովագրության ծախսերի նվազեցմանը՝ նպաստելով նաև այդ ինստիտուտի զարգացմանը»,-նշեց նա։

Գայանե Ղարագյոզյանը նկատեց՝ ծրագրի ամենապահանջված բաղադրիչը երեխայի ծննդով պայմանավորված աջակցությունն է։ Այն տրամադրվում է հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքներին և ուղղվում է բացառապես վարկի մայր գումարի մարմանը։

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվում է մինչև 500 հազար դրամ, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում՝ մինչև 2 մլն դրամ աջակցություն։ Կարևոր է, որ ծրագրին դիմեն մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը։

«Սահմանամերձ կամ կրթական ենթակառուցվածքներով զարգացող բնակավայրերում այդ գումարը նույնպես ավելանում է 50 տոկոսով։ Եթե ընտանիքում միաժամանակ ծնվում են երկվորյակներ կամ եռյակներ, աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին։ Մենք ունենք շահառու, որը ծրագրից օգտվել է արդեն չորս անգամ։ Սա վկայում է, որ ծրագիրն իսկապես պահանջված է, և հույս ունենք, որ այն շարունակական կլինի»,- հավելեց Ղարագյոզյանը։

2024 թվականին ծրագրում նոր սահմանափակում է մտցվել. դա է՝ այլ անշարժ գույք, կամ 50 տոկոս և ավելի մասնաբաժին չունենալը։ Սակայն, եթե շահառուն ծնողների տանից ունի 50 տոկոսից պակաս մասնաբաժին, դա հիմք չէ շահառու չդառնալու համար։

Հատկանշական է, որ ծրագրի շահառու կարող են լինել նաև միայնակ մայրերը, եթե համապատասխանում են ծրագրի պահանջներին։ Ծրագրի պահանջներից է նաև այն, որ և՛ երեխան, և՛ մայրը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում