Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթում մեկ մարդ է վիրավորվել
1 րոպեի ընթերցում

Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրանական հարվածների հետևանքով երկրում մեկ մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել իրանական հրթիռի բեկորների ընկնելու հետևանքով։
Մասնավորապես, նա նշել է, որ Քուվեյթի ՀՕՊ համակարգը որսացել է երեք բալիստիկ հրթիռ, մեկ թևավոր հրթիռ և 10 անօդաչու թռչող սարք։
Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը՝ դատապարտելով Իրանի «սարսափելի» հարձակումներն իր տարածքի վրա։
Al Jazeera-ի փոխանցմամբ, Քուվեյթի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ երկրի ինքնիշխանությունը «կարմիր գիծ» է, և Քուվեյթը «պահպանում է իր բոլոր իրավունքները ձեռնարկելու այն ամենն, ինչ անհրաժեշտ է իր անվտանգությունը պաշտպանելու և ինքնիշխանությունը պահպանելու համար»։
«Իրանի կողմից բացահայտ ագրեսիաները սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը և խաթարում են հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ջանքերը», - նշվել է հայտարարության մեջ։