Իրանցի փորձագետը Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցը երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման կարևոր ազդակ է համարում
8 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրանի նահատակված գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան կատարած այցը վկայում է երկու երկրների միջև ձևավորված պատմական, բարեկամական և եղբայրական հարաբերությունների շարունակականության մասին․ երկու երկրների ընդհանուր շահերն այսօր առավել քան երբևէ փոխկապակցված են, ինչը պահանջում է շարունակական քաղաքական երկխոսություն և բարձր մակարդակի շփումներ։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրանցի միջազգայնագետ, Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանը։
ՀՀ վարչապետը հուլիսի 3-ին աշխատանքային այցով մեկնել էր Թեհրան՝ մասնակցելու Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում էր ունեցել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վերջինս շնորհակալություն էր հայտնել վարչապետ Փաշինյանին Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար՝ ընդգծելով, որ Թեհրանը բարձր է գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ Հայաստանի կառավարության որդեգրած դիրքորոշումը և ցուցաբերած մարդասիրական աջակցությունը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան արտացոլում է Իրանի և Հայաստանի միջև եղբայրական, բարեկամական և պատմական հարաբերությունների շարունակականությունը, որոնց ընդհանուր շահերը խորապես փոխկապակցված են։ Այս փոխադարձ շահերի պահպանումը պահանջում է, որ երկու երկրները մնան սերտ կապի մեջ, կանոնավոր խորհրդակցություններ անցկացնեն և ուղիղ հանդիպումներ ունենան՝ կանխելու համար ցանկացած թյուրըմբռնում կամ երրորդ կողմի միջամտություն, որը նպատակ ունի խաթարել իրենց բարեկամական կապերը»,-նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ այցը նաև ցույց է տալիս, որ Երևանը հստակ պատկերացնում է Իրանի ներկայիս դերակատարությունն ու հնարավորությունները միջազգային համակարգում։
«Հայաստանի կառավարությունը գիտակցում է, որ Իրանը երկու խոշոր պատերազմներից հետո ցուցաբերել է բացառիկ դիմադրողականություն և կարողացել է դիմակայել երկու միջուկային զինված պետությունների ճնշմանը։ Հակառակ Միացյալ Նահանգների և Իսրայելի սպասումներին՝ Իրանը չի արժանանա այնպիսի երկրների ճակատագրին, ինչպիսիք են Սիրիան կամ Լիբիան։ Ընդհակառակը, այն դարձել է միջազգային համակարգում խոշոր տերություն»,-ասել է Մովահեդիանը։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունների հետագա խորացումը կարող է նպաստել նաև Երևանի միջազգային դիրքերի ամրապնդմանը՝ հաշվի առնելով Թեհրանի աճող տարածաշրջանային և գլոբալ ազդեցությունը։
Անդրադարձ կատարելով երկկողմ համագործակցության օրակարգին՝ Էհսան Մովահեդիանը շեշտել է, որ Փաշինյանի՝ Թեհրան կատարած այցի շրջանակում, ամենայն հավանականությամբ, քննարկվել են տնտեսական, քաղաքական և անվտանգային համագործակցության ընդլայնման հարցեր։
Ըստ միջազգայնագետի՝ հավանական է, որ հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին, որն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար՝ որպես դեպի Պարսից ծոց և միջազգային ջրեր տանող ամենահուսալի ճանապարհ։
Փորձագետը հիշեցրել է, որ Հայաստանն ու Իրանը սերտ համագործակցում են Սյունիքում իրականացվող տարբեր ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Քաջարանի թունելի կառուցման և արդիականացման աշխատանքներում, որոնց շրջանակներում վերջերս անցկացվել է նաև թունելի հիմնարկեքի արարողությունը՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։
«Իրանն ունի անհրաժեշտ փորձագիտությունը, մեքենաները և սարքավորումները այս նախագիծը արդյունավետ իրականացնելու համար, և հույս կա, որ մայրուղու մնացած հատվածը՝ Քաջարանի թունելից մինչև Երևան, նույնպես կվստահվի իրանական ընկերություններին, որպեսզի շինարարությունը հնարավորինս արագ ավարտվի»,-նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ Թեհրանում քննարկված հարցերի թվում կարող էին լինել նաև Արաքս գետի վրա երկրորդ սահմանային կամրջի կառուցումը, սահմանային տերմինալների ընդլայնումը, մաքսային համագործակցության խորացումը և բեռնափոխադրումների դյուրացումը։
Փորձագետն ընդգծել է նաև, որ Իրանը Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և Սև ծով տանող երթուղին դիտարկում է որպես հուսալի և անվտանգ տարանցիկ միջանցք, ինչը պահանջում է շարունակական ներդրումներ ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ։
Խոսելով տարածաշրջանային անվտանգության մասին՝ Մովահեդիանն անդրադարձել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) հաղորդակցային նախագծին՝ նշելով, որ Թեհրանում մտահոգությամբ են հետևում Հարավային Կովկասում ԱՄՆ հնարավոր ակտիվացման հեռանկարին։
«Հայաստանի կառավարությունը բազմիցս ընդգծել է, որ լուրջ է վերաբերվում Իրանի անվտանգության հետ կապված մտահոգություններին, և Իրանը որևէ պատճառ չունի կասկածելու Հայաստանի բարի կամքին։ Միևնույն ժամանակ, մնում է հավանականություն, որ Միացյալ Նահանգները կարող է օգտագործել այդ նախագծի տնտեսական և առևտրային շրջանակը որպես քողարկում՝ Իրանի անվտանգությանը վնասող գործողություններ կազմակերպելու համար»,-նշել է նա։
Այս տեսանկյունից, փորձագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի զգոնությունն ու Իրանի հետ շարունակական խորհրդակցությունները կարևոր են երկու երկրների միջև փոխվստահության պահպանման տեսանկյունից։
Էհսան Մովահեդիանը կարևորել է նաև Հայաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը։
«Նման համաձայնագիրը, որը կներառի տնտեսական, քաղաքական, անվտանգային և մշակութային համագործակցության ընդլայնումը, զգալիորեն կարագացնի երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Իմ անկեղծ հույսն է, որ այն կստորագրվի մոտ ապագայում»,-եզրափակել է փորձագետը։
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հուլիսի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը նոր մթնոլորտ կստեղծի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ներդումային և անվտանգության։
Նա վստահեցրել էր, որ Իրանն իր կողմից հետևողական քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման համար։
«Տեքստի վրա աշխատում ենք և հուսով ենք շուտով այն կավարտենք, կամբողջացնենք ու կսկսենք ստորագրման աշխատանքները։ Իրանը մեծ սիրով կողջունի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան, որտեղ կստորագրվի այդ փաստաթուղթը, ինչի շնորհիվ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի տարբեր ոլորտներում հետագա համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ներդումային և անվտանգության»,- ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։