Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջ
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկացել է միանալ Իսրայելի դեմ ռազմական գործողություններին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների ժամանակ, սակայն իր խնդրանքով դա չի արել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստից առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպմանը։ Նրանց զրույցի տեսանյութը տարածել է APT News-ը։
Թրամփը նշել է, որ որոշ երկրների ղեկավարներ իրեն դուր չեն գալիս, սակայն իրեն դուր է գալիս Էրդողանը, որը շատ բարձր մակարդակով ընդունելություն է կազմակերպել Անկարայում։ ԱՄՆ նախագահը նշել է, որ իրեն նաև դուր է գալիս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը, սակայն, կոշտ մեկնաբանություններ է արել Թուրքիայի հասցեին։
«Բիբին (Բենիամին Նեթանյահուն) երեկ մի քանի կոշտ մեկնաբանություններ արեց Թուրքիայի և Էրդողանի մասին։ Ես խոսեցի նրա հետ և ասացի, որ նա կարող էր մտնել պատերազմի մեջ, քանի որ նա այդքան էլ չի սիրում Իսրայելին և չի սիրում Նեթանյահուին։ Սակայն իմ խնդրանքով նա դա չարեց։ Թուրքիան ռազմական առումով շատ հզոր պետություն է։ Այն ունի միլիոնավոր զինվորներ։ Թուրքիան շատ ուժեղ է։ Նրանք ունեն մեր լավագույն սարքավորումներից շատերը։ Նրանք փորձում են ձեռք բերել F-35 ինքնաթիռներ։ Բայց նա չմտավ պատերազմի մեջ։ Նա ուզում էր մտնել, և եթե ես չլինեի, նա կմտներ այս պատերազմի մեջ։ Եվ նա կլիներ հակառակ կողմում», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Թուրքիան Իրանի դեմ պատերազմի ընթացքում լավ է վարվել ԱՄՆ-ի հետ։ Թրամփի խոսքով՝ Չինաստանը նույնպես լավ է վարվել։
CNN-ի հետ հարցազրույցում Բենիամին Նեթանյահուն դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ի կողմից F-35 կործանիչների մատակարարմանը Թուրքիային՝ նշելով, որ դա «կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը» և Անկարային «չի դարձնի Միացյալ Նահանգների բարեկամը»: